կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ու՞մ շուրջ համախմբվենք, օտարի, թշնամու օրակարգը սպասարկող խմբի շո՞ւրջ. Արծվիկ Մինասյան

Ու՞մ շուրջ համախմբվենք, օտարի, թշնամու օրակարգը սպասարկող խմբի շո՞ւրջ. Արծվիկ Մինասյան

Ի՞նչ բարի կամքի դրսևորում, սա ստրկացված իշխանության վարքագծի դրսևորում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը որպես «բարի կամքի դրսևորում» Ադրբեջանին հանձնեց ադրբեջանցի զինծառայողին, որը զինված հատել էր Հայաստանի սահմանը և գերեվարվել:

«Այս վարքագծով ամբողջ ազգին, պետության արժանապատվությունն է այս իշխանությունը շպրտել գետնին: Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով երբեք չի հանդուրժում ոչ միայն բարեկամությունը, այլև եղած դաշնակցային հարաբերությունները վերածում է թշնամականի, թշնամիներին ավելի է կատաղեցնում, դարձնում վայրենի»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք հնարավոր չէր ադրբեջանցի զինծառայողին փոխանակել մեր գերիների հետ, Արծվիկ Մինասյանն ասաց. «Ամեն ինչ էլ հնարավոր էր: Ես արդեն ասացի՝ ինչու չեն անում, այս իշխանության բնույթն է այդպիսին, իրենք օտարի օրակարգով ապրող իշխանություններ են, սեփական աթոռը փահելու, վայելքներից  օգտվելու նպատակադրում ունեն, ուրիշ որևէ նպատակադրում չկա»:

Դիտարկմանը, որ նախօրեին ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը կոչ արեց համախմբվել իշխանության շուրջ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Մենք 2018-ի իշխանափոխությունից հետո, 2020-ի պատերազմի առաջին օրը իրականացրել ենք այդ քայլը, բայց ստացել ենք ուրացում, կործանում, ինչը շարունակվում է: Այս իշխանությունն իր ապիկարությամբ, դավաճանությամբ ցույց է տվել, որ հայ ժողովրդի շահերը չի սպասարկում: Հետեւաբար, համախմբվես ո՞ւմ շուրջ, օտարի, թշնամու օրակարգը սպասարկող խմբի շո՞ւրջ»:

  • Կիսվել: