ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թույլ չենք տալու, ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր կրթական համակարգը ճիշտ ուղիով գնա. Վանեցյան

Թույլ չենք տալու, ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր կրթական համակարգը ճիշտ ուղիով գնա. Վանեցյան

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում այսօր բացվեց «Հայրենիք» կուսակցության գրասենյակը, որի բացմանը ներկա էր կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը նախ ներկաներին տեղեկացրեց, որ կուսակցությունն  այժմ աշխատում է նոր ծրագրի վրա, իսկ այն, ինչ ավելի վաղ ներկայացվել էր օրենքի պահանջով,  պարզապես տեխնիկական բնույթի ծրագիր էր։

«Առաջիկայում մենք ունենալու ենք ավելի խորացված ծրագիր, որտեղ արտացոլված են լինելու մեր բոլոր մոտեցումները պետության բոլոր ճյուղերի զարգացման վերաբերյալ»,- նշեց Արթուր Վանեցյանը։

«Հայրենիք» կուսակցության ղեկավարն անդրադարձավ նաև կրթության նոր չափորոշիչներին՝ նշելով, որ կրթական ծրագրերում և կրթության մասին օրենքում վերջին շրջանում տեղի ունեցող փոփոխությունները շատ են քննադատվել, և ինքը համաձայն է գրեթե բոլոր քննադատությունների հետ։

Նա նաև տեղեկացրեց, որ կրթության ոլորտի հետ կապված՝ կուսակցությունն ակտիվ քննարկումներ է անցկացնում, և առաջիկայում ավելի խորը և մանրամասն  կներկայացնեն իրենց մոտեցումները։

«Այն, ինչ նախնական ներկայացված է, օրինակ՝ կրթական ծրագրից հանել «Հայ գրականություն» առարկան, չնայած ինչ-որ պատճառաբանություններ են բերվում, թե հանում են միայն հայ բառը, կամ ծրագրից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, սա ուղղակի անթույլատրելի է։ Սա այն թաքնված ծրագրերից է, որը փորձում են իրականացնել Հայաստանում, որպեսզի մեր ազգային ինքնությունը և ավանդույթները, պատմությունը խեղեն։ Թույլ չենք տալու, ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր կրթական համակարգը ճիշտ ուղիով գնա։ Եթե մենք ուզում ենք ապագայում ունենալ լավ հասարակություն, մենք պետք է հենց մանկապարտեզից ու դպրոցից ճիշտ կրթություն տանք մեր երեխաներին, որոնք մեծանալով՝ պետք է դառնան հասարակության լիիրավ անդամ։ Այդ պատճառով էլ կրթության ոլորտում իրականացվող ծրագրերն այս փուլում համարում ենք անընդունելի և անթույլատրելի»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։

  • Կիսվել: