կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն ամբողջապես հայաթափել է Արցախը. Գարեգին Բ–ն Շվեյցարիայում

Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն ամբողջապես հայաթափել է Արցախը. Գարեգին Բ–ն Շվեյցարիայում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Շվեյցարիայում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կազմակերպել է «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։ 

Համաժողովի բացման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն խիստ գնահատական է հնչեցրել Ադրբեջանի գործողություններին։ 

Նա հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը ոչ միայն ամբողջապես հայաթափել է Արցախը, այլև շարունակում է ներկայացնել նորանոր պահանջներ խաղաղության պայմանագրի գործընթացում։

Կաթողիկոսը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանը պատանդ է պահում Լեռնային Ղարաբաղի քաղաքական նախկին ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիներին՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու, ցուցադրական դատավարություններ, որոնք ուղեկցվում են միջազգային իրավունքի աղաղակող խախտումներով։ 

Նա նաև շեշտել է, որ այս բոլոր գործողությունները պայմանավորված են ազգային պատկանելությամբ և հակահայ քաղաքականությամբ, որը նպատակ ունի ոչնչացնել հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ժառանգությունը։ 

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հնագույն եկեղեցիներն ու վանքերը հռչակվում են աղվանական, դրանց իրական ինքնությունը խեղաթյուրվում է, իսկ բազմաթիվ սրբավայրեր, բնակատեղիներ ու գերեզմանոցներ ենթարկվում են բարբարոսական ոչնչացման։

Ելույթում Կաթողիկոսը հիշեցրել է, որ արցախահայությունը դարեր շարունակ իր հայրենիքում կերտել է բարձրարժեք մշակույթ՝ հարստացնելով մարդկության ժառանգությունը։ Նա ընդգծել է, որ այսօր առավել քան երբևէ հրատապ է Լեռնային Ղարաբաղի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը համաժողովում ընդգծել է, որ քրիստոնյաները կոչված են լինել ճշմարտության վկաներ՝ կանգնելով զոհերի կողքին և բարձրաձայնելով չարի անունը։

Համաժողովը նպատակ ունի բարձրացնել միջազգային իրազեկվածությունը Լեռնային Ղարաբաղում կրոնական և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության մասին։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: