շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիան Հայաստանին մեղադրել է «երկերեսանի պահվածք դրսևորելու և Հարավային Կովկասում կայունության հաստատման դեմ  խոչընդոտ հանդիսանալու մեջ»

Թուրքիան Հայաստանին մեղադրել է «երկերեսանի պահվածք դրսևորելու և Հարավային Կովկասում կայունության հաստատման դեմ խոչընդոտ հանդիսանալու մեջ»

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ հուլիսի 15-ի հայտարարությանը։

Հայտարարության մեջ Թուրքիան Հայաստանին մեղադրել է «երկերեսանի պահվածք դրսևորելու և Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման դեմ իրական խոչընդոտ հանդիսանալու մեջ», գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի համոզմամբ՝ Հայաստանի մոտեցումը մի մտածելակերպի դրսևորում է, որն «իր ինքնությունը ստեղծում է պատմության միակողմանի ընկալումից միայն թշնամանք քաղելով և ջանում է միջազգային իրավունքի դեմ իր ագրեսիան օրինական ներկայացնել» և հավելել, որ այդ դիրքորոշումը Թուրքիայի համար «զարմանալի չէ»։

Այնուհետև կրկնելով իրենց գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հոխորտանքը, շեշտվել է․ «Անհրաժեշտ է, որ Հայաստանի պետական մարմինները խելքները գլուխները հավաքեն և հնարավորինս շուտ սովորեն լինել Հարավային Կովկասում ոչ թե խնդրիների, այլ լուծումների մաս»։

Հիշեցնենք, որ գիշերը 03:40-ի սահմանում Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Գիշերվա մարտերի ընթացքում հայկական բանակը կորուստներ չի ունեցել։

Նշենք նաև, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 11 զոհ, հայկական կողմը՝ 4:

 

  • Կիսվել: