հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ծրագրում ենք նաև գալիք տարվա մեր նպատակներն ու դրանց իրագործման ուղիները․ Գագիկ Ծառուկյան

Ծրագրում ենք նաև գալիք տարվա մեր նպատակներն ու դրանց իրագործման ուղիները․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ամանորյա ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.  
 
"Սիրելի' հայրենակիցներ, Սփյուռքի մեր շատ սիրելի՛ հայեր,
 
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ամանորին սովորաբար մենք ամփոփում ենք նախորդ տարվա հաջողություններն ու ձեռքբերումները, և, ցավոք, նաև՝ կորուստներն ու հիասթափությունները: Միևնույն ժամանակ ծրագրում ենք նաև գալիք տարվա մեր նպատակներն ու դրանց իրագործման ուղիները: Եվ ուրեմն, թո՛ղ այդ նպատակները լինեն համահայկական, լինեն հօգուտ մեր հայրենիքի շենացման, լինեն ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման:
 
Բոլորիս մոտ թարմ է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոս եղբայրների հիշատակը: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին: Թո՛ղ նրանց ընտանիքներում այսուհետև միայն ավետիսներ հնչեն, և թող մեր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ:
 
Դիմավորում ենք նոր՝ 2022 թվականը, և ես առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել բոլոր այն հայ զինվորներին, որոնք հենց այս պահին խրամատում են դիմավորում Ամանորը՝ հսկելով մեր անդորրը:
Ես վստահ եմ, որ բոլորիս հավաքական ցանկությունը գալիք տարում մեկն է. ջերմությամբ ու բարությամբ լցվեն մեր օջախները և մեր հայրենիքը հզորանա ու բարգավաճի:
Ու թող Նոր տարին միայն բարօրություն և խաղաղություն բերի մեր Հայրենիքին ու մեր ընտանիքներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։
Աստված պահապան մեզ բոլորիս...։"

  • Կիսվել: