հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ծայրահեղ բարոյական չէ ողբերգական միջադեպի արդյունքում մահերը քաղաքականացնելը. Տարոն Չախոյան

Ծայրահեղ բարոյական չէ ողբերգական միջադեպի արդյունքում մահերը քաղաքականացնելը. Տարոն Չախոյան

Հանրության լայն շերտերի կողմից արհամարհված ընդդիմությունը առիթ է փնտրում փողոց դուրս գալու, բայց անգամ դա չի հաջողվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը․

՛՛Երեկ Ապարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո այսօր երեկոյան բողոքի ակցիա են անելու ԱԱԾ-ի, Ոստիկանության ու ՔՊ գրասենյակի դատարկ շենքերի առջև, քանի որ աշխատանքային ժամն արդեն ավարտված է լինելու։

Նախ փորձեցին տեղի ունեցած ողբերգական միջադեպը քաղաքականացնել, ապա դա օրակարգ սարքելով փորձում են բողոքի ակցիա կազմակերպել։ Այս ամենը խոսում է ընդդիմության գաղափարական սնանկության ու անզորության մասին։

Ավելորդ է նշել, որ ծայրահեղ բարոյական չէ ողբերգական միջադեպի արդյունքում մահերը քաղաքականացնելը ու բարոյական չէ մեղադրել իշխանությանը կենցաղային, մեքենան վարելու հարցի շուրջ, ծագած վեճի համար։

Ընդդիմադիրների բողոքի ակցիան ԱԱԾ-ի և Ոստիկանության շենքերի դիմաց ավելի հիմնավոր կլիներ, եթե որպես պատճառ նշեին եղանակային շոգ պայմանները։ Իսկ եթե պարապ են մնացել, դա այլ հարց է ․․․

Թերևս, վերջին ամիսներին փողոցային պայքար նախաձեռնած ընդդիմության քայլերը հիշեցնում են շրջիկ կրկեսի՝ տարատեսակ ներկայացումներով մերթընդմերթ հայտնվում են պետական շենքերի դիմաց, բայց ավաղ անգամ դա չի օգնում հանրության լայն շերտեր ներգրավելու համար, վաղուց արդեն շատերին հետաքրքիր չեն՛՛,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Հունիսի 19-ին, ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։

Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ  Ապարանում հնչած կրակոցները քաղաքական դրդապատճառներ չունեն, զուտ կենցաղային են։
 
 ՔՊ-ակա պատգամավոր  Մաթևոս Ասատրյան էլ իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով  միջադեպն հետ իր կամ իր հարազատների մասնակցության մասին տարածվոց լուրերը։
 
 Քննչական կոմիտեից էլ  հայտնում են, որ ապարանում երկու անձի սպանության կասկածանքով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել։

  • Կիսվել: