ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տրանսպորտային միջոցների գնման և վաճառքի գործընթացը հնարավոր կլինի իրականացնել հեռավար

Տրանսպորտային միջոցների գնման և վաճառքի գործընթացը հնարավոր կլինի իրականացնել հեռավար

Կառավարության որոշմամբ՝ տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև հեռավար:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը Կառավարության նիստում ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկում, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման և պետական գրանցման կարգը սահմանող Կառավարության որոշման մեջ:

«Նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև հեռավար տարբերակով՝ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում՝ նույնականացման քարտի և էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ՝ առանց տրանսպորտային միջոցը ճանապարհային ոստիկանություն ներկայացնելու: Բացառություն կկազմեն միայն ՀՀ տարածքում առաջին անգամ պետական գրանցման ներկայացվող տրանսպորտային միջոցները»,- տեղեկացրեց Ֆինդանյանը:
 

Նախագծով պետական գրանցման և հաշվառման ենթակա կլինեն նաև մոպեդները: Բացի այդ, մի շարք մարմինների և կազմակերպությունների տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների համար առանձին նիշեր չեն սահմանվի: Ծառայողական տրանսպորտային միջոցների համարանիշների նիշերը սահմանվելու են ՀՀ վարչապետի լիազորությամբ: 

Փոխոստիկանապետը նշեց, որ նախագծի ընդունումը կնպաստի վարչարարության պարզեցմանը և տնտեսմանը, հաշվառման ստորաբաժանումներում հերթերի կրճատմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման գործողությունների կատարման ինտենսիվության բարձրացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ կարելի՞ է մեքենա գնել ու վաճառել՝ առանց ներկայանալու ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ:

«Ըստ էության իրավացի եք: Հեռավար կարգով, համակարգչի միջոցով հնարավոր է այսուհետ իրականացնել ավտոտրանսպորտային միջոցների գնման և վաճառքի գործընթացը: Անհրաժեշտ է միայն, որ երկու կողմերն էլ ունենան նույնականացման քարտեր և էլեկտրոնային ստորագրություն: Պայմանագրի ձևն արդեն իսկ առկա է, երկու կողմերն էլ ստորագրում և ուղարկում են մյուս կողմին: Մնում է միայն, որ գնորդը մեքենայի պետհամարանիշները փոխանակելու նպատակով ժամանի ճանապարհային ոստիկանության կայանման վայր և վճարումներ կատարի»,- նշեց Ֆիդանյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մինչև տարվա վերջ էլեկտրոնային ստորագրությունը ավելի պարզ գործընթաց կլինի, որը հատուկ սարքեր չի պահանջի:

  • Կիսվել: