կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տոնել են Ռումինիայի հայերի միության 100-ամյակը

Տոնել են Ռումինիայի հայերի միության 100-ամյակը

Դեկտեմբերի 16-ին Ռումինիայի Խորհրդարանի շենքի գեղատեսիլ սրահում տեղի ունեցավ Ռումինիայի հայերի միության 100-ամյակի տոնակատարություններին նվիրված հանդիսավոր արարողությունը, որը սկսվեց Ռումինիայի և Հայաստանի Հանրապետության օրհներգների կատարմամբ: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից։ 

Ի թիվս բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի միջոցառանը ներկա էին Ռումինիայի երրորդ նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Ռումինիայի վարչապետ Լյուդովիկ Օրբանը, ՀՀ Ազգային ժողով պատգամավոր, Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի նախագահ Անուշ Բեղլոյանը, Ռումինիայի Խորհրդարանի և կառավարության անդամներ, ինչպես նաև ռումինահայ համայնքի ու հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Ռումինիայի նախագահի խորհրդական Սերջիու Նիստորը ներկաներին ընթերցեց նախագահ Կլաուս Յոհաննիսի շնորհավորական ուղերձը, իսկ ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, որտեղ մասնավորապես ասվում էր. «Հայ ժողովրդի ազգային ողբերգության օրերին Ռումինիայի բարեխնամ կառավարությունը ապաստան տվեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր գաղթական հայերին և որբերին: Հենց այդ նպատակով էլ ճիշտ 100 տարի առաջ` 1919 թվականին, ռումինական կառավարության հավանությամբ հիմնվեց Ռումինիայի Հայոց միությունը, որն անմիջականորեն զբաղվեց հայ գաղթականների ընդունման և տեղավորման հարցերով»:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ողջունելով միության անդամների և հյուրերին, նշեց, որ ՀՀ իշխանությունները մեծ կարևորություն են տալիս հայկական սփյուռքին, որի անբաժան մասն է կազմում Ռումինիայի հայ համայնքը` վերհիշելով բոլորովին վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելուն նվիրված միջոցառման առթիվ:

ՌՀՄ անդամներին իրենց շնորհավորական խոսքը հղեցին նաև վարչապետ Լյուդովիկ Օրբանը, նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը, Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և այլք:

Ներկաներին փոխանցելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ջերմ շնորհավորնքներն ու ողջույնները կարևոր տարեդարձի կապակցությամբ` ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանն ընդգծեց ՌՀՄ ղեկավարների նշանակալի դերակատարությունը միջխորհրդարանական մակարդակով համագործակցության խորացման գործում:

Ելույթների ավարտին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանին, Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատգամավոր, Ռումինիայի հայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահ Լուչիան Էդուարդ Սիմիոնին և Ռումինիայի հայոց միության Կլուժ-Նապոկայի մասնաճյուղի նախագահ Կարեն Սեբեշիին հանձնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շնորհված «Երախտագիտության» մեդալները, իսկ ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահի տեղակալ Վարուժան Փամբուկչյանին` ՀՀ Ազգային ժողովի «Պատվո» մեդալը: Ռումինահայ ճանաչված գրող, թարգմանիչ, հրապարակագիր, Ռումինիայի և Հայաստանի գրողների միության անդամ Մադլեն Գարագաշյանն իր ստեղծագործական ծանրակշիռ վաստակի և ազդեցիկ գրական և մշակութային գործունեության համար պարգևատրվեց Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալով։

  • Կիսվել: