շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թող փորձագետները վերլուծեն՝ ո՞ւմ օրոք է ինքնիշխանության կորուստ եղել և ում օրոք` ամրապնդում․ Միրզոյանը՝ ընդդիմությանը

Թող փորձագետները վերլուծեն՝ ո՞ւմ օրոք է ինքնիշխանության կորուստ եղել և ում օրոք` ամրապնդում․ Միրզոյանը՝ ընդդիմությանը

Դեպի իշխանություն Ձեր ատելության ծավալը այնքան մեծ է, որ չեք տեսնում որոշ իրողություններ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկումներին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի որոշ հատվածներ օկուպացնելուն և անվտանգությանը վերաբերող հարցերին։

«Ասում եք՝ ձեր իշխանության ժամանակ անընդհատ տեսնում ենք ինքնիշխանության կորուստ՝ ես խնդրում եմ բերել մեկ օրինակ։ Եկեք վերլուծենք ՀՀ ինքնիշխանության աստիճանը այս շրջանում և այն շրջանում, որտեղ ձեր ներկայացրած ուժը այս կամ այն կերպ առնչվել է իշխանությանը։

Աղմկահարույց գործարքներ, որոնցով Հայաստանն իր ենթակառուցվածքների մի զգալի մասը տվեց այլ երկրների կամ երկրի։ Եկեք մի օր անկախ փորձագետները նստեն, վերլուծեն՝ էդ ո՞ւմ օրոք է Հայաստանն ինքնիշխանության կորուստ ունեցել և ո՞ւմ օրոք է ինքնիշխանության ամրապնդում եղել: Օրինակ, երբ ինքնիշխանությունը, վերջիվերջո, հանգում է կռվելուն, պետք է կարողանաս պաշտպանել քո տարածքն ու ինքնիշխանությունը, եւ հետեւաբար քո զենքերին ու սպառազինության մատակարարումներին եւ դրանց դիվերսիֆիկացմանը, եկեք մենք, կամ անկախ փորձագետները վերլուծեն, թե ում օրոք է Հայաստանը եղել ավելի ինքնիշխան, առնվազն տեսանելի քայլեր ձեռնարկել իր ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը։

Նա շարունակեց. «Բոլոր այն մեխանիզմները, որոնք ձեր օրոք գծվել են եւ ձեր կողմից փայփայվում ու քարոզվում են, չաշխատեցին: Մեր ծափողջյունները, Աստված մի արասցե դրանց կենսունակությունը ստուգելու, բայց մենք ունենք նաեւ քաղաքացիական դիտորդական առաքելություն սահմանների մի հատվածում, եւ կարծես թե բարեբախտաբար,  առնվազն այդ հատվածներում խոշոր միջադեպեր չունենք»:

Միրզոյանը նկատեց, որ աշխարհն այնպես է փոխվում, որ երաշխիքներն ու պայմանավորվածությունները դժվար են աշխատում:

  • Կիսվել: