երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Տնտեսական հարաբերությունները բարձրացնել որակապես նոր մակարդակի. կկայանա հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը

Տնտեսական հարաբերությունները բարձրացնել որակապես նոր մակարդակի. կկայանա հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը

Հայաստանն ու Չեխիան ունեն քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։ Շաբաթներ առաջ (մարտի 27-ին) այս մասին իրենց գոհունակությունն էին հայտնել Հայաստանի և Չեխիայի արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպմանը։ Հայաստան այցի ընթացքում ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստը հայաստանյան իր գործընկերների հետ հանդիպմանը կարևորել էր երկու երկրների միջեւ համագործակցության խորացումը` նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվում են մի շարք միջոցառումներ և փոխայցեր:

 

Փոխայցերն ու միջոցառումները շատ չուշացան։ Մայիսի առաջին շաբաթը կառանձնանա հայ-չեխական հարաբերությունները նոր մակարդակի բերելու գործընթացով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Չեխիա: Պրահայում կայանալու է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։ Այն առիթ է քննարկելու նախորդ նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարողականը, նախանշելու համագործակցության զարգացումը նոր մակարդակի բերելու հնարավորությունները:

 

Հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 2014 թվականին: Մինչ օրս անցկացվել է հանձնաժողովի 5 նիստ։ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստը կայացել էր 2021 թվականի հոկտեմբերի 14-15-ը Երևանում։ Այս մասին հայտնում է Արմենպրեսը:

Երկու երկրների առևտրատնտեսական ընդհանուր ցուցանիշը 2022-ին նկատելի աճել է: Թեպետ այդ աճը Չեխիայից Հայաստան ներմուծման հաշվին է։ Նվազում նկատվում է Հայաստանից Չեխիա արտահանման ուղղությամբ։

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են մոլիբդենի խտանյութ, ֆերոմոլիբդեն, խեցեղեն, փայտե իրեր, ձեռագործ գորգեր, ադամանդի հումք, կահույքի մասեր և այլն: Չեխիայից Հայաստան է ներմուծվում հրուշակեղեն, գարեջուր, սննդամթերք, դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ, պլաստմասե իրեր, թուղթ, տրիկոտաժ: Պարբերաբար անցկացվող հայ-չեխական գործարար համաժողովներն ու հանդիպումներն օգնում են նոր թափ հաղորդել առևտրատնտեսական գործընթացներին: Հայ-չեխական գործարար համաժողովների կազմակերպման հարցում իր ներդրումն ունի Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը, որը բավական ակտիվորեն աշխատում է Չեխիայի գործընկեր կառույցի հետ:

«Չեխիան Հայաստանի համար կարևոր ու հետաքրքիր գործընկեր է: Նախ հարմար է աշխարհագրական առումով, լեզվական խնդիր նույնպես չկա: Դրանից բացի, Չեխիայի տնտեսությունը մեծ չէ և մասշտաբների խնդիր չկա, դրա համար Հայաստանի համար դյուրին է Չեխիայի հետ գործակցությունը: Շատ կարևոր դերակատարություն ունեն երկու երկրներում աշխատող դեսպանությունները: Շատ ակտիվ է Հայաստանում Չեխիայի դեսպանությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը: Խոսելով Չեխիայի հետ համագործակցության ոլորտներից՝ Վլադիմիր Ամիրյանը առանձնացրեց զբոսաշրջությունը, մեքենաշինությունը:

Դեռ նախորդ միջկառավարական հանձնաժողովի նիստին երկու երկրների պատվիրակություններն արձանագրել էին, որ բացի ավանդական ոլորտներից, որոնց ուղղությամբ համագործակցությունը կշարունակվի, պետք է զարգացնել նաև գործակցությունը բարձր հավելյալ արժեք ստեղծող ոլորտներում։ Որպես համագործակցության մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներ՝ առանձնացվել էին առողջապահությունը, էլեկտրոնային կառավարումը, «կանաչ գյուղատնտեսություն»-ը, բարձր տեխնոլոգիաները։

 

2021 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Հայ-չեխական գործարար համաժողովին էլ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել էր, որ Հայաստանը, որպես Չեխիայի հետ համագործակցության հեռանկարային ոլորտ, մասնավորապես, դիտարկում է բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաները: Այս ուղղությամբ, ըստ արտգործնախարարի, արդեն իսկ արվել են որոշ քայլեր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի ջանքերով:

«Այս երկու նախաձեռնությունները դարձել են հայկական ապրանքանիշեր, որոնք հաջողության են հասել ողջ աշխարհում: «Թումո» կենտրոնները բացվել են Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Բեռլինում, Կիևում: Այս առումով կարող ենք դիտարկել հայկական բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունը նաև Չեխիայում», – նշել էր Արարատ Միրզոյանը:

Ավելի ուշ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքը կարևորել էր Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը՝ ընդգծելով «նման նախագիծ ցանկալի կլիներ կիրառել նաև Չեխիայում, որի ուղղությամբ կաշխատենք»։

 

Փոխշահավետ համագործակցության այլ հետաքրքիր բնագավառներից են վերականգնվող էներգետիկան, ֆինանսավարկային ոլորտը, թափոնների կառավարումը։ Առաջնահերթություն է նաև զբոսաշրջությունը: Այս համատեքստում կարևոր է համարվում Երևան-Պրահա ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու հնարավորությունը։ Այս տարեսկզբին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը ևս ընդգծել էր Երևան-Պրահա ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությունը: Մայիսի 2-ին հրավիրված ասուլիսում «Wizz Air» ավիաընկերության պատասխանատուները հայտարարեցին, որ ընթացիկ տարվա հունիսին սպասվում է ուղիղ չվերթի իրականացում Երևանի ու Պրահայի միջև։

Հայաստանը կարևորում է նաև օտարերկրյա բիզնեսների համագործակցության ակտիվացումը: Տարբեր հանդիպումներին պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները մշտապես ընդգծել են, որ Հայաստանը խրախուսում է և պատրաստ է ապահովել բոլոր պայմանները, որպեսզի չեխ գործարարները և ներդրողներն առավել ներգրավվեն Հայաստանում: «Արմենպրես»-ին ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանում գրանցված է չեխական կապիտալի մասնակցությամբ 38 ընկերություն (այդ թվում՝ ԱՁ): Գործում է նաև 4 հասարակական կազմակերպություն:

Երկու երկրները համոզված են, որ Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությունը պետք է բարձրացնել նոր մակարդակի, և դրա համար կա չօգտագործված մեծ ներուժ։

Նախորդ 30 տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է զարգացնել միջպետական ջերմ հարաբերություններ։ Այսօր էլ Հայաստանը պատրաստակամ է խորացնել հարաբերությունները Չեխիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում:

*******

Չեխիան այն երկրներից է, որը շահագրգռված է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմամբ։ Չեխիան մեծ ներդրում ունի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության EUMA աշխատանքներում։ Չեխիայի ներդրումը EUMA առաքելությանը կազմում է 8 փորձագետ, որն ամենաբարձրներից մեկն է ԵՄ անդամ երկրներից: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որ կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին։

 

Ընթացիկ տարվա ապրիլին Հայաստան աշխատանքային այցի շրջանակներում Չեխիայի ԱԳՆ Եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստը դեսպանատան թիմի հետ միասին այցելել էր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն (EUMA): Յարոսլավ Կուրֆյուրստը նաև միացել էր ԵՄ քաղաքացիական դիտորդների խմբին պարեկային ուղևորության ժամանակ Սոթք գյուղ, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանամերձ գոտում:

*******

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխոսլովակիայի հետ 1992թ. մարտի 30-ին, իսկ Չեխոսլովակիայի տրոհումից հետո Չեխիայի Հանրապետության հետ՝ 1993թ. հունվարի 5-ին:

 

Երկու երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր։

2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող բանաձև: 2020թ. մայիսի 20-ին Չեխիայի խորհրդարանի Սենատն ընդունել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը նվիրված բանաձև։

Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Չեխիան վավերացրել է 2019թ. մայիսի 23-ին:

Հայաստանն ու Չեխիան ստորագրել են համագործակցության խորացմանն ուղղված երկու տասնյակից ավելի փաստաթուղթ։

  • Կիսվել: