չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Տնային կալանքի պայմաններում աշխատողը կարող է իր բնակության տարածքից կատարել աշխատանքային պարտականությունները․ նախագիծը ներկայացվել է ԱԺ

Տնային կալանքի պայմաններում աշխատողը կարող է իր բնակության տարածքից կատարել աշխատանքային պարտականությունները․ նախագիծը ներկայացվել է ԱԺ

Արադարադատության նախարարի տեղակալ Տիգրանը Դադունցն Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել առաջին ընթերցմամբ ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ երբ դատարանի որոշմամբ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ դատարանը կիրառում է տնային կալանք և տնային կալանքով չեն սահմանվում աշխատանքի կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ, ապա աշխատողը կարող է գործատուի համաձայնությամբ իր բնակության տարածքից կատարել աշխատանքային պարտականությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով:

Ներկայացվել են նաև տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղի (պաշտոնի), իսկ աշխատողի լիազորությունները գործատուի և աշխատողի համաձայնությամբ չկասեցվելու դեպքում՝ նաև վարձատրության պահպանմանը վերաբերող կարգավորումները:

Տիգրան Դադունցն իր զեկուցմամբ անդրադարձել Նախագծի երկրորդ ընթերցմանն ընդառաջ Կառավարության գրավոր առաջարկներին: Մասնավորապես, նախաքննական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը գործատուին ուղարկելու փոխարեն նախատեսել, որ քննիչը տեղեկացնելու է գործատուին որոշման մասին: Նախագծով առաջարկվում է նաև, որ տնային կալանքը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման վերաբերյալ քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է մեղադրյալի աշխատանքի վայրի վարչակազմին՝ նշելով դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների բնույթն ու ծավալը:

Տիգրան Դադունցի նշմամբ՝ այդպիսով հստակ կսահմանվեն դրույթներ, որոնցից պարզ կդառնա, թե ինչպես է տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալի գործատուն իրազեկվելու վերջինիս նկատմամբ տնային կալանք կիրառված լինելու, կիրառված սահմանափակումների բնույթի և ծավալի մասին:

  • Կիսվել: