հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՏԿԵՆ-ում ֆրանսիացի փորձագետների հետ քննարկում է անցկացվել

ՏԿԵՆ-ում ֆրանսիացի փորձագետների հետ քննարկում է անցկացվել

Դեկտեմբերի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացվել է հայ-ֆրանսիական երրորդ դաշտային առաքելության Էսպելիա ՍՊԸ - Իսիա ՍՊԸ - Ադինֆոսիս կառավարման ինստիտուտ կոնսորցիումի մշակած Գնահատման և առաջարկությունների մշակման առաջին զեկույցի վերաբերյալ աշխատանքային հանդիպում-քննարկում։

Հանդիպմանը բացման խոսքով ներկայացել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում առաջին իրագործվող ծրագիրն է։ Նախարարի տեղակալը շեշտել է, որ խորհրդատվական թիմի ներկայացրած առաջարկները կդիտարկվեն նախարարության ոլորտային մասնագետների կողմից և ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կկիրառվեն առաջիկա ծրագրերում։

Իսիա ՍՊԸ-ի խորհրդատու Դավիթ Մոնգազոնը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ներկայացրել առաջիկա մի քանի հանդիպումների օրակարգը՝ նշելով, որ զեկույցի առաջարկների և դիտարկումների քննարկումներից հետո հայկական կողմին կներկայացվի ակնկալվող աշխատանքային ծրագիրը։

Զեկույցում ներկայացվել են էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։ Այս ոլորտներում զարգացում ապահովելու նպատակով ծրագրով նախատեսվում է ցուցաբերել տեխնիկական աջակցություն։

Առաքելության ավարտին խորհրդատվական թիմը կանցկացնի գործնական ուսումնական դասընթաց նախարարության այն աշխատակիցների համար, որոնք ներգրավված են ծրագրի նախապատրաստական գործընթացում։

  • Կիսվել: