Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Այսօր ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդը։
«Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակների հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականաց և մեր ազգի զավակաց հետ միասին աղոթք վեր առաքեցին առ Աստված, հայցելով որ Տերը զորացնի մեր ժողովրդին, իր հոգու ցավն ու տրտմությունը և տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը և կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը»,-ասաց Վեհափառը։
Նա խնդրեց, որ Աստված օգնական ու պահապան լինի հայ ազգին՝ հայրենաշինության իր առաքելության նվիրական ճանապարհին։
«Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց»,- ասաց Վեհափառը։