ՏԻՄ-երի հետ աշխատանքի կանոնները պետք է պահվեն․ վարչապետը՝ Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետի ընտրության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գյումրիի համայնքապետի ընտրություններին, որոնց արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը։
Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի մասնակցել Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստին և ինչպե՞ս է կառավարությունը պատկերացնում համագործակցությունը նոր ընտրված համայնքի ղեկավարի և ավագանու հետ, վարչապետը պատասխանեց, որ ընտրությունների վերաբերյալ որևէ լրացուցիչ մեկնաբանություն այս պահին չունի։
«Բացի այն, ինչ արդեն հայտարարել ենք, լրացուցիչ մեկնաբանություն չեմ կարող անել։ Աշխատանքը աշխատանք է։ Կառավարությունն իր աշխատանքն է անում իր օրակարգով և ռազմավարություններով։ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի կանոններ կան, և այդ կանոնները պետք է պահվեն»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստում Գյումրի համայնքի ղեկավար ընտրվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկել էին ընտրությանը մասնակցած ավագանու բոլոր 18 անդամները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն ամենաշատ մանդատներն է ստացել ընտրությունների արդյունքներով (14), ավագանու առաջին նիստը բոյկոտեց։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարծում է, որ Գյումրիում կառավարման ճգնաժամն անխուսափելի է, ուստի անհրաժեշտ է նոր, արտահերթ ընտրություններ անցկացնել։