Տիգրան Տեր-Մարգարյանի հանդեպ իրականացվածը ՌԴ դեսպանատնից է ծրագրավորվել, փորձում են ամեն ինչ անել, որ Երևանի ավագանին գնա լուծարման․ Արամ Սարգսյան
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հանդեպ իրականացվածը ՌԴ դեսպանատնից է ծրագրավորվել՝ հրահանգ իջեցնելով այստեղի 5-րդ շարասյան իրենց պարագլխին՝ ՀՀ երկրորդ նախագահին, նա էլ իր ենթակային, ենթական էլ իր ենթակային: Այս մասին լրագրող Նարեկ Կիրակոսյանին տված հարցազրույցում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ու աշխատակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու միջադեպին:
«Իրականում տեղի ունեցածը լավ պլանավորված, լուրջ ծրագրավորված գործընթաց է, որին, ցավոք սրտի, լրատվամիջոցները չանդրադարձան: Իսկ խնդիրը նրանում էր, որ Գյումրիի ընտրություններից հետո համապատասխան քաղաքական թևերը համարեցին, որ մարզերում խնդիրները լուծված են, իրենք մեծամասնություն են և ժամանակն է անդրադառնալ Երևանին: Գյումրիից հետո նրանք պահանջում են Երևանում արտահերթ ընտրություններ: Այսինքն, փորձում են ամեն ինչ անել, որ Երևանի ավագանին գնա լուծարման, Երևանում լինեն արտահերթ ընտրություններ, որ Հանրապետությունում էլ լինեն արտահերթ ընտրություններ»,- նշեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Տիգրան Տեր-Մարգարյանի հանդեպ իրականացվածը կապված է նրա Բուչա այցի հետ, ինչից հետո նա անցանկալի անձ է համարվել ՌԴ-ում: «ՌԴ դեսպանատնից է ծրագրավորվել այդ ամենը՝ հրահանգ իջեցնելով այստեղի 5-րդ շարասյան իրենց պարագլխին՝ ՀՀ երկրորդ նախագահին, նա էլ իր ենթակային, ենթական էլ իր ենթակային ու խնդիրը հասավ տվյալ հանրային գործչին, իսկ որ այդ հանրային գործիրչը տվյալ քաղաքական գծի ուղեծրում է, դրանում կասկած չկա»,- հայտարարել է նա: