շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Տիգրան Արզաքանցյանը՝ իր բիզնեսի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Տիգրան Արզաքանցյանը՝ իր բիզնեսի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի նախկին թեկնածու Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը ցանկացել է խլել իր բիզեսը:

Այս առնչությամբ նա ասել է. ՛՛Ոչ, մենք միասին եղել ենք խորհրդարանում և նորմալ հարաբերություններ ենք ունեցել՛՛:

Նա նշել է նաև, որ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի հետ գործնական հարաբերություններ չի ունեցել:

Խոսելով իր բիզնեսի մասին՝ Արզաքանցյանն ասել է. ՛՛Իմ կինն իմ բիզնեսում ոչ մի ազդեցություն չի ունեցել, առանց նրա եմ ստեղծել այն: Ես Ռուսաստանում բիզնես չունեմ, ինչ ունեի, վաճառել եմ, տասնյակ միլիոն դոլարներ բերել եմ Հայաստան 98, 99, 2000 թվականներին: Հիմա ունեմ բիզնես Ֆրանսիայում՝ նույնպես կոնյակի գործարան: Ձեռք եմ բերել 2007 թվականին: Իսկ Հայաստան ես եկել եմ մեծ ներդրումներով, աշխատատեղեր եմ բացել, զրոյից բրենդ եմ ստեղծել, որն այսօր աշխարհով մեկ ճանաչված է՛՛:

Արզաքանցյանը նաև անդրադարձել է օրերս Նիկոլ Փաշինյանի հետ կայացած իր հանդիպումից և նշել, թե ինչ տպավորություններ է ստացել

՛՛Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսել եմ մեր ծրագրերի մասին ու արձագանքել եմ, որ պատրաստ ենք քննարկել տարբեր ոլորտներ, որտեղ մենք կունենանք արհեստավարժ մարդիկ, որոնք կարող են արդյունավետ աշխատել մեր երկրի համար: Փաշինյանն ասաց՝ մենք պատրաստ ենք ամիսը երկու անգամ աշխատանքային հանդիպում անցկացնել, որ մեր խումբը հանդիպի կառավարության անդամների հետ տարբեր ուղղություններով համագործակցելու համար՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: