ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թևանյանն իր շրջապատին վստահեցրել է, թե ունի Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը. «Հրապարակ»

Թևանյանն իր շրջապատին վստահեցրել է, թե ունի Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երևանի ընտրություններին դեռ ամիսներ կան, սակայն որոշ թեկնածուներ, արդեն չհայտարարված քարոզարշավ են սկսել։ Հատկապես ակտիվ գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, քանի որ այստեղ միասնական թեկնածուի խնդիր կա: Ընդդիմադիրները փորձում են տարբեր ֆորմատի հավաքներ անել, լայն կոնսոլիդացիա ապահովել՝ ցույց տալով, թե ով է միասնական թեկնածուն։

Հատկապես ակտիվ է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ և թեկնածու Մանե Թանդիլյանը, ով մեծ թվով հանդիպումներ է ունենում: Ակտիվացել է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, ով շաբաթ օրը հավաք էր հրավիրել` բավականին խայտաբղետ կազմով: «Բեկում» երիտասարդական ֆորումի հավաքն ընթացել է «2018 թվական. հեղափոխությո՞ւն, թե՞ խաբեություն» խորագրով։ Մասնակցել են Բագրատ սրբազանը, Հրանտ Թոխատյանը, քաղաքագետներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, զոհվածների ծնողներ, սակայն հարազատ ֆրակցիայից միայն պատգամավոր Արեգնազ Մանուկյանն է եղել, ինչը նշանակում է, որ Թևանյանի  առաջիկա առաջադրումը դաշինքում միանշանակ չի ընկալվում։

Հավաքի մասնակիցները պատմեցին, որ Թևանյանն իր շրջապատին վստահեցրել է, թե ունի 2-րդ նախագահի աջակցությունը` Ռ. Քոչարյանն իր տրամադրության տակ է դրել իր ազդեցության դաշտում գործող քարոզչամիջոցներին,  համակիր ակտիվիստներին, բլոգերներին, չի բացառվում, որ Թևանյանին աջակցելու մասին նաև հրապարակային հայտարարություն անի։ Սա թերևս լավագույն լուծումն է Քոչարյանի համար, ով ավելի լավ թեկնածու չունի և որոշել էր դիտորդի կարգավիճակ ստանձնել՝ դաշտն ազատ թողնելով: Թևանյանի առաջադրումով կստացվի՝ ո՛չ լիարժեք մասնակցում է ընտրություններին, ո՛չ ֆինանս է ծախսում, ո՛չ հուսադրում մյուս թեկնածուներին, մասնավորապես` Արթուր Վանեցյանին, որ նրան կպաշտպանի, բայց նաև ամբողջությամբ չի հեռանում ասպարեզից»։

  • Կիսվել: