երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թեհրանը աջակցություն է հայտնում ՀՀ ինքնիշխանությանը՝ այդ երկրի ամբողջ տարածքի և դրանով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ. Ռայիսին՝ Փաշինյանին

Թեհրանը աջակցություն է հայտնում ՀՀ ինքնիշխանությանը՝ այդ երկրի ամբողջ տարածքի և դրանով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ. Ռայիսին՝ Փաշինյանին

Իրանի նախագահի կայքն անդրադարձել է երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև տեղի ունեցած  հեռախոսազրույցին:

Շեշտելով Իրանի և Հայաստանի միջև առևտրի և տնտեսական փոխգործակցության մակարդակի բարձրացման կարևորությունը՝ Իրանի նախագահը նշել է. «Թեհրանի և Երևանի միջև համագործակցության և տնտեսական փոխգործակցության մակարդակի բարձրացումը բոլոր կողմերի շահերի ապահովման դեպքում, անկասկած, կնպաստի անվտանգության ապահովմանը»:

Ռայիսին նաև առաջարկել է պահպանել մշտական կապը և երկխոսությունը երկու երկրների միջև տարբեր մակարդակներում: Նա, մասնավորապես, նշել է. «Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի զգայնությունը պահանջում է, որ տարածաշրջանի երկրները պարբերաբար քննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարցեր»:

Իրանի նախագահի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության առանցքային ռազմավարություններից մեկը երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելն է։ «Այդ կապակցությամբ Թեհրանը աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը՝ այդ երկրի ամբողջ տարածքի և դրանով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ»,-ասել է նա:

Ռայիսին ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ ընդլայնել առևտրային գործունեությունը Հայաստանում: Այս առնչությամբ նա ասել է. «Երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության մակարդակը ցածր է առկա հնարավորություններից, և անհրաժեշտ է, որ Տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովն ավելի ակտիվ գործի և լուրջ քայլեր ձեռնարկի՝ երկու երկրների շահերի ապահովման համար»:

Իրանի նախագահը ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բանակցային գործընթացում առաջընթացը՝ ասելով. «Մենք հույս ունենք, որ երկու երկրների միջև մյուս՝ հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային սկզբունքների և իրավունքի շրջանակներում, և ականատես կլինենք տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության: Մենք աջակցում ենք ճանապարհային խոչընդոտների վերացմանը»:

 

  • Կիսվել: