Թեհրանում Ադրբեջանի դեսպանը խոսել է Հայաստանի հետ խաղաղության հասնելու «խոչընդոտների» մասին
Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև լարվածությունը՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն խաղաղության բանակցությունների հարաբերական առաջընթացը շեշտող հարցազրույցում համաձայնագրի ՛՛դրույթների անորոշությունները՛՛ համարել է խաղաղության գործընթացի ՛՛դադարեցման հիմնական գործոնը՛՛ (չակերտները-խմբ.)։ Այս մասին գրում է parstoday.ir-ը:
Նա նշել է, որ այդ ՛՛անորոշությունները՛՛ վերացնելով՝ կապահովվի վերջնական համաձայնագրի ստորագրման հնարավորությունը։
Ադրբեջանի դեսպանն ընդգծել է, որ Բաքուն կոնկրետ ՛՛առաջարկներ է ներկայացրել Երևանին՛՛, սակայն Հայաստանի ՛՛որոշ դիրքորոշումներն ու հավակնությունները Ադրբեջանի ՛՛տարածքների նկատմամբ՛՛ խոչընդոտել են վերջնական արդյունքի հասնելը՛՛։ Նրա կարծիքով՝ այս հարցերը պետք է լուծվեն նախքան որևէ համաձայնության հասնելը։
Նա նաև քննադատել է Մինսկի խմբի գործունեությունը՝ այն որակելով անարդյունավետ ինստիտուտ՝ կոչ անելով հեռացնել այն բանակցային գործընթացից։ Բաքվի տեսանկյունից՝ Մինսկի խումբը վերջին տարիներին չի կարողացել արդյունավետ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։
Բացի այդ, Թեհրանի երկխոսության հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հեքմաթ Հաջիևը նույնպես ընդգծել է Բաքվի խաղաղության ձգտման մոտեցումը և բանակցային գործընթացին օտարերկրյա տարրերի միջամտությունը համարել է տարածաշրջանային կայունության սպառնալիք։