ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տեղի է ունեցել ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի կամայական ու սխալ մեկնաբանություն. Երվանդ Վարոսյան

Տեղի է ունեցել ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի կամայական ու սխալ մեկնաբանություն. Երվանդ Վարոսյան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբանական թիմից Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքից: Նա նշել է, որ տեղի է ունեցել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի կամայական ու սխալ մեկնաբանություն:

Ստորև ներկայացնում ենք գրառումը.

«Հատված Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքից.

«Կարծում ենք, որ այս առումով տեղի է ունեցել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի կամայական ու սխալ մեկնաբանություն: Սահմանադրական դատարանի լիազորության տիրանալ հանցակազմ առհասարակ կարող էր առկա լինել օրինակ հետևյալ երկու պարագաներում՝  

ա/ «Փակվում» է Սահմանադրական դատարանը, փոխարենը ստեղծվում է օրենքով չնախատեսված անձանց խումբ, ովքեր Սահմանադրության խախտմամբ ստանձնում են ՍԴ լիազորությունները,

բ/ տարատեսակ ճնշումներով, անվանարկող հոդվածներով, քրեական գործերի հարուցմամբ, մտերիմ անձանց կալանավորելով, «կամավոր» վճարվող թոշակի գնալու օրենսդրական առաջարկներով, հեռանալու ուղիղ հրապարակային պահանջներով կամ այլ եղանակով մարդկանց մի խումբ փորձում է հասնել ՍԴ նախագահի, ապա նաև որոշ դատավորների հրաժարականներին, փոխարենը ապահովում է Սահմանադրական դատարանում 5 դատավորի առկայություն, ովքեր պատրաստ են կատարել այդ խմբի կամքը»:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել է։ Ըստ ՀՔԾ պաշտոնական հիմնավորման՝  պաշտոնատար անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

  • Կիսվել: