ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տեղի է ունեցել «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք ձայնասկավառակով» երկլեզու գրքի շնորհանդեսը

Տեղի է ունեցել «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք ձայնասկավառակով» երկլեզու գրքի շնորհանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի աջակցությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն իրականացրել է «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք ձայնասկավառակով» երկլեզու գրքի շնորհանդեսը:

Ինչպես  հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Նունե Զաստուխովան, պետական այրեր, մշակույթի ոլորտի երախտավորներ։

Ներկաներին ողջունել և կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու համար թանգարանի ողջ անձնակազմին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքի հրատարակումը որակելով որպես հոբելյանական միջոցառումների ամենաճիշտ ընտրված գագաթնակետ:

«Այն, ինչ արել է Սպենդիարյան մտավորականն ու ամենաբարձր չափանիշներով արվեստագետը մեր հանրության կյանքը մշակութային դարձնելու, համաեվրոպական արժեքային համակարգին մոտեցնելու ուղղությամբ, արժանի է հիացումի և խոնարհման: Նա, բացի իր բուն մասնագիտությունից, մեծ արժեքներ ձևավորելու ճանապարհին իրականացրել է նաև լուսավորչական առաքելություն՝ ինչպես Խաչատուր Աբովյանը, Հայրիկ Մուրադյանը և այլք»,- ասել է նախարարի տեղակալը:

Սպենդիարյանի կյանքին և գործունեությանը նվիրված «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքի երկլեզու ժողովածուի հրատարակումն ու ձայնասկավառակի թողարկումը ողջունել է նաև Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Նունե Զաստուխովան.

«Մեծ կոմպոզիտորի համամարդկային նշանակության երաժշտական գործունեությունը չէր կարող անտեսվել համապատասխան միջազգային կառույցների կողմից, ուստի ամենևին պատահական չէ, որ 150-ամյակն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում: Վստահ եմ՝ Սպենդիարյանի ժառանգությունն առաջ մղելու մեր համատեղ ջանքերն ավելի կմեծացնեն հայ երաժշտության և արվեստի համամարդկային նշանակության ընկալումն աշխարհում»:

Ներկաներին պատկերագիրքը ներկայացրել է երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյանը:

Գրքում տեղ են գտել Հայաստանի և արտերկրի՝ մոտ 22 թանգարաններից ու արխիվներից հավաքագրված շուրջ 972 նյութեր, որոնց նշանակալի մասը հանրայնացվել է առաջին անգամ: Ներկայացվող արժեքավոր նյութերը՝ լուսանկարներ, փաստաթղթեր, նամակներ, հուշեր, գրախոսականներ, համերգների ազդագրեր ու ծրագրեր, գեղանկարներ, հոդվածներ, անձնական իրերի լուսանկարներ, ինչպես նաև պատառիկներ կոմպոզիտորի ինքնակենսագրությունից, առավել տեսանելի ու պատկերավոր են դարձնում նրա կերպարը, միջավայրը և փոխհարաբերությունները ժամանակի երևելի գործիչների հետ: Ներկայացված են նաև մեծ երաժշտի հիշատակի հավերժացմանը վերաբերող փաստեր ու վկայություններ: Այն երկլեզու՝ հայերեն և անգլերեն, հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:

Պատկերագրքում զետեղված ձայնասկավառակի ձայնագրությունն իրականացրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ տնօրեն Սարգիս Բալբաբյանի ղեկավարությամբ: Ձայնագրությունները հնարավոր է ունկնդրել նաև գիրք-ալբոմում զետեղված QR կոդերի միջոցով:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի որակմամբ՝ «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագիրքը կոմպոզիտորի 150-ամյակի նախագծերի ամենաարժեքավոր ձեռքբերումն է՝ կուլմինացիան, բայց ոչ ավարտը.

«Կարծում եմ՝ այս պատկերագիրքը նոր էջեր է բացելու սպենդիարյանագիտության մեջ, և արդյունքները կճաշակենք ապագայում»:

Գիրքը տպագրվել է 300 օրինակ տպաքանակով: Այն հասանելի կլինի բոլոր գրադարաններում, մշակութային, երաժշտական հաստատություններում:

 

  • Կիսվել: