ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ Պետականիրավական հարցերի և Ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ Պետականիրավական հարցերի և Ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Հունվարիի 19-ին Սևակ Աղաջանյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Նիստում քննարկվել է «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջվարչակազմերի ղեկավարներ Սասուն Բարսեղյանը, Հայկ Բախշիյանը և Արարատ  Մելքումյանը, ներկայացնելով տարածքային կառավարման մարմինների  բյուջեների ծախսային հոդվածները, նշել են, որ նախորդ տարվա համեմատ ցուցանիշները հիմնականում մնացել են անփոփոխ:

Այնուհետև տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուները պատասխանեցին պատգամավորների հնչեցրած հարցերին, այն է՝ մայրաքաղաքի ավտոճանապարհների բեռնաթափման, շրջանների համայնքների վերաբնակեցման,տարածքային կորուստներով պայմանավորված համայնքային բյուջեի  բավարարմանն ու ծախսերի ավելացմանը, աշխատատեղերի կրճատման պատճառով սոցիալական խնդիրների ծագմանն ուղղված և այլ հարցեր:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն առաջարկեց խորհրդարանականներին միավորվել վարչակազմերի ղեկավարների շուրջ և քննարկել ու  հնարավորինս աջակցել համայնքների վերականգնման և զարգացման աշխատանքներին: ԱԺ նախագահը հավաստիացրեց նաև, որ պատերազմի հետևանքները կվերացվեն, բոլոր շրջանների համայնքներում  կկառուցվեն և կվերանորոգվեն բնակտարածքներ:

Ընդմիջումից հետո համատեղ նիստը շարունակվել է իշխանության պետական կառավարման ու դատական մարմինների ծախսերի քննարկմամբ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, ներկայացնելով  2021թ-ի բյուջեով նախատեսված աշխատակազմի ընդհանուր ծախսը, նշել է, որ այն կազմում է 809 մլն դրամ, ինչը 2020-ի համեմատ աճել է 22 մլն 855 հազ 800 դրամով՝ պայմանավորված աշխատավարձային ֆոնդի բնականոն  աճով:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ 2021թ. խորհրդարանի ծախսը կկազմի 682 մլն 004 հազ 5 դրամ, ինչը 2020 թ. համեմատ աճել է 25 մլն 871 հազ. դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է աշխատավարձային ֆոնդում առկա պետական ծառայողների գործակիցների բնականոն աճով:

Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի խոսքով՝ 2021 թ. պետական բյուջեի նախագծով ապարատի պահպանման ծախսը նախատեսված է 335 մլն 444 հազ 500 դրամի չափով, ինչը նախորդ տարվա ծախսերի համեմատ նվազել է շուրջ 25 մլն 220 հազ դրամով: Ծախսերի նվազեցումը պայմանավորված է աշխատավարձի ֆոնդով՝ 5 հաստիքի կրճատմամբ և ներկայացուցչական ու կապի ծառայությունների ծախսերի  կրճատմամբ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեից դատական համակարգին հատկացվելիք գումարը կկազմի 647մլն 804 հազ դրամ, ինչը 2020-ի համեմատ նվազել է 641 հազ. դրամով:

Գլխավոր դատախազի տեղակալ  Արամայիս Ավագյանի հաղորդմամբ 2021թ-ին դատախազության ծախսը կկազմի 562 մլն 958 հազ 100 դրամ: Աճը 2020թ.  համեմատ կազմել է 1մլն 69 հազ 200 դրամ, ինչը պայմանավորված է աշխատավարձի բնականոն աճով:Գլխավոր դատախազը նշեց, որ 2020թ. գերատեսչությունը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման արդյունքում ունեցել է 65 մլն 387 հազ դրամի չափով տնտեսում:

Արդարադատության նախարար Կարեն  Դանիելյանի խոսքով՝ արդարադատության համակարգի բյուջեով նախատեսված  ծախսը կազմում է 386 մլն 638 հազ  դրամ, աճը 2020թ.  համեմատ կազմել է 12 մլն 841 հազ դրամ: Նախարարը մանրամասն ներկայացրեց նաև նախարարության ծրագրերի ֆինանսավորման հարցերը:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի երրորդ հատվածն այնուհետև շարունակվել է Քննչական կոմիտեի, Հաշվեքննիչ պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի, Քաղաքացիական ծառայության խորհրդի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի քննարկմամբ:

Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, ներկայացնելով ապարատի 2021 թ-ի ծախսը, նշել է, որ այն նախատեսվում է 356 մլն 515 հազ 212 դրամ: 2020թ-ի համեմատ գումարն աճել է 14 մլն 785 հազ. 800 դրամով՝ հաշվի առնելով աշխատավարձի բնականոն աճը::

Ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի՝ 2021 թվականի ծախսը՝ պալատի խորհրդի անդամ Շուշանիկ Հայրապետյանը նշել է, որ այն կկազմի 155 մլն 272 հազ.՝ նախորդ տարվա 156 մլն 272 հազ. դրամի դիմաց:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Արսեն Սառաջյանի խոսքով՝ 2021 թ. աշխատակազմին հատկացվելիք գումարը կկազմի 64 մլն 96 հազ. 500 դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3 մլն 797 հազ. 500 դրամով:

Քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի փոխանցմամբ՝ խորհրդի 2021-ի ծախսը պլանավորվել է 145 մլն 041 հազ. 100 դրամ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը նախքան 2021 թ. բյուջեի բովանդակությանն անդրադառնալը, ներկայացրեց 2020 թ. բյուջեի ընդհանուր կատարողականը: Համաձայն հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի ներկայացրած տեղեկատվության՝ 2021 թ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեի ծախսը  կկազմի 76 մլն 843 հազ. դրամ:

Զեկուցողները պատասխանեցին պատգամավորների առաջադրած հարցերին:

Նիստին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ և կառավարության պատասխանատուներ:

  • Կիսվել: