հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Թե՛ Թուրքիան, թե՛ հայկական կողմը չեն բացառում. Փաշինյանը՝ իր ու Էրդողանի հնարավոր հանդիպման մասին

Թե՛ Թուրքիան, թե՛ հայկական կողմը չեն բացառում. Փաշինյանը՝ իր ու Էրդողանի հնարավոր հանդիպման մասին

Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե արդյոք Չեխիայում լինելու՞ է հանդիպում իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ թե՛ Թուրքիան, թե՛ հայկական կողմը չեն բացառել նման հանդիպումը, սակայն դա դեռ չի նշանակում, որ հանդիպումը կկայանա:

՛՛Դա կախված է մի քանի հանգամանքներից, այդ թվում՝ ոչ միայն մեր ուղղակի հարաբերությունների հանգամանքից՛՛,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ կա ԵՄ-ի կողմից կազմակերպվող՝ ավելի լայն միջոցառում, որին հրավիրված են նաև Հայաստանը և Թուրքիան: ՛՛Մենք պետք է որոշում կայացնենք այդ գագաթնաժողովին մասնակցելու և ինչ մակարդակով մասնակցելու վերաբերյալ, երկրորդ խնդիրն է` հանդիպումը կկայանա՞, թե՞ ոչ՛՛,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը Պրահա մեկնելու որոշում ունի, մասնակցելու է գագաթնաժողովին: Հարցին` ինչ օրակարգով է Հայաստանը ներկայանում այդ հանդիպմանը, վարչապետը պատասխանեց. ՛՛Սահմանների բացում, հարաբերությունների կարգավորում՛՛:

Ճշտող հարցին՝ Արցախի հարցի քննարկում լինելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. շշԵրբ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկվեն, շատ հարցեր կքննարկվեն: Դա, եթե լինի, լինելու է մեր առաջին հանդիպումը, լինելու է ծանոթություն՛՛: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք շարունակվո՞ւմ են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները, վարչապետը պատասխանեց՝ որևէ ազդակ կամ պայմանավորվածություն չկա, որ հանդիպումները դադարում են, բայց այս պահի դրությամբ հաջորդ հանդիպման տեղ-ժամ պայմանավորված չէ:

  • Կիսվել: