հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով․ Փաշինյան

Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ Արցախի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին՝ ուղղված իշխանությանը։

Նիկոլ Փաշինյանը թվերով ներկայացրեց, որ 2021 թվականին Հայաստանի կառավարությունն Արցախին տրամադրել է աննախադեպ ծավալի աջակցություն։

«2021 թվականի ընթացքում ծայրահեղ ընդդիմությունը 2 հիմնական թեզ էր զարգացնում․ առաջինը, որ Կառավարությունը միայնակ է թողել Արցախին, երկրորդը՝ նրանք պահանջում էին որդեգրել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը՝ փորձելով հիմնավորել, որ հենց սա է եղել իրենց իշխանավարության տարիներին իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը, և եթե այսօրվա իշխանությունը սա չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի հարցում։

Հիշեցնեմ, որ այսօր ծայրահեղ ընդդիմության դիրքում գտնվում են մարդիկ, ոորոնք 1998-2018 թվականը եղել են իշխանության ղեկին, և նրանք են զարգացնում վերոնշյալ թեզերը։

Այսօր ցանկանում եմ մեկնաբանություն անել առաջին և երկրորդ պնդման վերաբերյալ։

Առաջին թեզը, կարծում եմ, հերքվում է հենց միայն բյուջետային ցուցանիշներով, որոնց մասին խոսել ենք մի քանի անգամ։ 2021-22 թվականներին Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության, և ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության։

Որպեսզի պատկերը պարզ լինի, ասեմ, որ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117․9 միլիարդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում։ Այս գումարից 57․8 միլիարդ դրամը Հայաստանի կառավարությունն է վճարել։

2021 թվականին Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 միլիարդ դրամ, որից 128 միլիարդ դրամը ՀՀ վճարած գումարն է։

Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել։ Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի ավարտը 136 միլիարդ դրամի ծրագիր է իրականացվել Արցախում։

«2022 թվականին արդեն Արցախին ՀՀ կառավարության միայն բյուջետային աջակցությունը կազմում է 160 միլիարդ դրամ։ Այսինքն՝ 2022 թվականին, 2021 թվականի համեմատությամբ, ՀՀ կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարն աճել է 32 միլիարդ դրամով, 2019 թվականի համեմատ՝ 102 միլիարդ դրամով»,- ասաց Փաշինյանը։

Այս միջոցներով, Փաշինյանի խոսքով, Արցախում կենսաթոշակների ու նպաստների շուրջ 20 տոկոսի բարձրացում է տեղի ունեցել, տեղի է ունենում լայնածավալ բնակարանային շինարարություն։

Նա ընդգծեց, որ Հայաստանը եղել է և հիմա էլ Արցախի կողքին է։

Փաշինյանն անդրադարձավ նաև երկրորդ կետին։

«Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով:

Նա նշեց, թե 1998 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված, այսպես կոչված, «ընդհանուր պետություն» առաջարկը, որում ասվում է. «Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձևի պետական ու տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Փաշինյանը ևս մեկ մեջբերում արեց. «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր Լեռնային Ղարաբաղ հատուկ նշումով»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «ընդհանուր պետություն» բանակցային փաթեթին հաջորդել է «տարածքների փոխանակման» փաթեթը, որի մասին շատ է խոսվել:

«Այդ բանակցային փաթեթով Հայաստանի այն ժամանակվա կառավարիչները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս, որովհետև նշված փաթեթի իմաստն այն էր, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանն ու փոխարենը ստանում է Լեռնային Ղարաբաղը», - ասաց նա:

Վարչապետը հայտարարեց, թե Ռորբետ Քոչարյանն ընդունել է , որ Ղարաբաղն Ադրբեջանինն է Շուշիի ու Լաչինի հետ միասին: Ըստ նրա՝ այս իրողություններն ավելի են ամրապնդվել Մադրիդյան սկզբունքների քննարկման ժամանակաշրջանում:

«Արձանագրենք, որ Մադրիդյան սկզբունքները, որպես բանակցությունների հիմք ընդունելով, Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս ու բացառել են Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն», - ասաց վարչապետը:

  • Կիսվել: