հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ճնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ. Չավուշօղլու

Ճնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ. Չավուշօղլու

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են։ Այս մասին այսօր Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Anadolu-ն:

Նշվում է, որ նա ասել է, որ պաշտոնական Անկարան կողմ է Երևանի հետ երկխոսությունը շարունակելուն և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։

՛՛Հայաստանում ծայրահեղական խմբավորումները հարձակվում են վարչապետի տան վրա՝ լուրջ ճնշում գործադրելով, սա խոչընդոտ է ստեղծում Հայաստանի համար համարձակ քայլի գնալու համար. հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ: Ճնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության: Տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության կարիք ունի՛՛,-մասնավորապես նշել է Չավուշօղլուն:

Նա նաև հավելել է. ՛՛Ինչո՞ւ կարգավորման բանակցությունների հերթական փուլը չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում: Երևանը դեռ պատրաստ չէ սրան։ Նմանատիպ հանդիպումներ հնարավոր են ապագայում՛՛։

Թուրք նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Հիշեցնենք, որ Վիեննայում կայացած վերջին հանդիպմանը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են կարճ ժամանակում սկսել օդային ուղիղ բեռնափոխադրումներ և ապահովել երկրների միջև ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը։

  • Կիսվել: