«Ճիշտ եք ասում, բայց դա իմ մասին չէ, մեր մասին է». Փաշինյանը խոստովանեց՝ Արցախի հարցով հակասող բաներ է ասել
Այս 5 տարում Նիկոլ Փաշինյանը շատ խճճված ու հակասական հայտարարություններ է արել Արցախի ինքնորոշման իրավունքի, բանակցային պրոցեսի մասին: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ 2019-ի սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է՝ նշելով, որ այսօր Արցախի անկախության օրն է, որ Արցախը Սովետական Ադրբեջանից անկախության օր է հռչակել. «Այդ օրերին քննադատվեց, որ սեպտեմբերի 2-ը անկախության օրը չի, Հանրապետության հռչակման օրն է, Արցախի անկախությունը հռչակվել է 1991-ի դեկտեմբերի 10-ին: 2020-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Արցախն անկախացել է Խորհրդային Միությունից, լրիվ հակառակ բան: Իրարամերժ ու խուճուճ հայտարարությունն եր եք անում, մի օր ասում եք, հետո մոռանում, հաջորդ օրը մյուսն եք ասում: Ցանկացած իշխանության եկած մարդ ինստիտուցիոնալ հիշողության համար պետք է խորհրդակցի նախկինների հետ: Մինչեւ հիմա ինձ հայտնի է մեկ հայտարարություն՝ 2019-ի հոնվվարի 23, երբ ասել եք, որ Ալիեւի հետ քննարկել եք բանակցային գործընթացի պատմության հետ կապված հարցեր: Այլ մարդ կա՞, որի հետ այդ բանակցային պրոցեսը քննարկվել է»,-դիմելով Փաշինյանին ասաց Գեղամ Մանուկյանը:
Վարչապետը խոստովանեց, որ ընդդիմադիր պատգամավորը ճիշտ է. «Խետք է խոստովանեց, որ ճիշտ եք ասում, բայց մի նրբությամբ, դա իմ մասին չէ, դա մեր մասին է: Դուք շատ դիպուկ հիշատակեցիք Արցախի, ԼՂ-ի հանրապետության օրը, անկախության հռչակագիրը: 1989-ին Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը եւ ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին: 1990-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունում է անկախության հռչակագիրը՝ հղում անելով 1989 թվականի վերամիավորման մասին համատեղ որոշմանը: 1991-ին ԼՂ-ն հռչակում է անկախություն եւ անում հանրաքվե: Հարց՝ ումի՞ց էր անկախանում ԼՂ-ն:
Այո, ճիշտ եք ասում, բայց դա իմ պրոբլեմը չի, մեր պրոբլեմն է: Մենք մեկ միավորվել ենք, մենք անկախացել ենք, մեկ Հայաստանից ենք անկախացել, մեկ Ադրբեջանից, մեկ ԽՍՀՄ-ից: Մեկ ԼՂ-ն բանակցել է, մեկ ԼՂ-ի փոխարեն բանակցել է Հայաստանը, մեկ Մեղրին ուզում էինք տայինք, Ղարաբաղը վերցնեինք, մեկ ընդհանուր պետություն ենք ունեցել, մեկ ասում էինք՝ Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի կազմում, հաջորդ պահին ասում ենք՝ Ադրբեջանի հետ պետք է քննարկենք, թե Ղարաբաղի կարգավիճակը ոնց պետք է որոշվի»,-ասաց Փաշինյանը:
Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Մեր ժողովրդի դժբախտությունն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը 2019-ին եւ 2020-ին լրիվ տարբեր կերպ է ընկալել Արցախի անկախության հռչակման փաստաթուղթը: Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե Խորհրդային Հայաստանն ումից է անկախացել: Ալմաթիի հռչակագրով ոչ թե անկախացել են ԽՍՀՄ-ից հանրապետությունները, այլ կազմավորվելով անկախ հանրապետությունների համագործակցությունը, ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ»:



