չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ճամբարային պարապմունքներ, հոգեբանական պատրաստություն. ՆԶՊ առարկայում փոփոխություններ են տեղի ունեցել

Ճամբարային պարապմունքներ, հոգեբանական պատրաստություն. ՆԶՊ առարկայում փոփոխություններ են տեղի ունեցել

Հայաստանյան դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) առարկայի ծրագիրը վերաթարմացվել է, ինչի արդյունքում նոր թեմաներ են ավելացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԶՊ մասնագետ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը նշեց, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագիրը և չափորոշիչը մշակվել է՝ հիմք ընդունելով հանրակրթության պետական առարկայական նոր չափորոշիչները:

 

Վերաթարմացումներ ՆԶՊ առարկայում

«ՆԶՊ առարկայի ծրագիրը վերաթարմացնելու կարիք ունի այն պատճառով, որ մեր տարածաշրջանը զարգացման և փոփոխման փուլերում է, և, իհարկե, առարկան վերաթարմացնելն անհրաժեշտություն էր: Առարկայի էական փոփոխություններից մեկն այն է, որ մենք ավելի շատ ուշադրություն ենք սկսել դարձնել գործնական պարապմունքների վրա, քչացել են տեսական դասերը: Ավելացել են նոր թեմաներ՝ մարտավարաֆիզիկական պատրաստություն, որի ժամանակ աշակերտները ֆիզիկական պատրաստություն են անցնելու, պայմանական ասած՝ մարտադաշտում ինչպիսի ֆիզիկական պատրաստություն է պետք, որպեսզի նրանք ճիշտ դրսևորեն իրենց ստեղծված իրադրությունում: Առարկայի այս թեմաները սկսելու են սովորել 8-10-րդ դասարաններում»,- նշեց ռազմական մասնագետը:

Հոգեբանական պատրաստությունը որպես կարևոր բաղկացուցիչ մաս աշակերտների հետագա կյանքում

Կարապետյանի խոսքով՝ 11-րդ և 12-րդ դասարաններում աշակերտներն ավելի շատ ուսումնասիրելու են այլ թեմաներ՝ ռազմական տեղագրություն, մարտավարության հիմունքներ:

ՆԶՊ-ի նորություններից մեկը նաև հոգեբանական պատրաստությունն է, որն ունի 2 ասպեկտ՝ առաջինը՝ հոգեբանական պատրաստություն արտակարգ իրավիճակներում: Մյուսը տղաների համար է, ովքեր դպրոցն ավարտելուց հետո գնում են բանակ, փոխում են միջավայրը, հետևաբար կարող են առաջանալ հոգեբանական որոշ խնդիրներ: Կարապետյանն ասաց, որ այդ թեման հետագայում կօգնի աշակերտներին, որպեսզի նման իրավիճակները կարողանան հեշտ հաղթահարել:

Աշակերտներն ուսումնասիրելու են ինժեներական պատրաստություն թեման

«Մենք առանձնացրել ենք և հստակ թեմա ենք դարձրել նաև ինժեներական պատրաստությունը, ինչը մեր երկրում մեծ կարևորություն ունի: Լինելու են նաև գործնական պարապմունքներ: Աշակերտները սովորելու են ճիշտ ձևով անհատական խրամատներ փորել, ընդհանուր խրամատներ և խրամախորշեր պատրաստել, ճիշտ քողարկվել տեղանքի մարտավարական հատկությունները հաշվի առնելով: Այս ամենը սերտելով, մարտական իրավիճակներում նրանք կկարողանան կյանքի վտանգները հասցնել նվազագույնի»,- ասաց բանախոսը:

Նրա խոսքով՝ նորություններից է նաև կապի և տեղեկատվական անվտանգությունը, ինչը խիստ անհրաժեշտություն է:

«Երեխաները հստակ պատկերացում կունենան, թե որքան կարևոր են հակառակորդի համար մեր տեղեկությունները և, թե որքան կարևոր է դրանց գաղտնիությունը պահելը: ՆԶՊ առարկայում առանձնացրել ենք նաև իրավական պատրաստություն թեման, որը նորություն չի, սակայն նախատեսվում են նոր ենթաթեմաներ: Մենք ուսումնասիրելու ենք զինվորական ներքին կանոնակարգերը և կարգավորումները»,- նշեց Կարապետյանը:

 

Գործնական պարապմունքներ դպրոցի պատերից դուրս

«Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ գործնական դասերը չեն ամփոփվելու միայն դպրոցում, մենք անց ենք կացնելու նաև դաշտային (ճամբարային) պարապմունքներ: Նախարարությունն այս ամենի վերաբերյալ առանձին կարգ է մշակել»,-նշեց ռազմագիտության մասնագետը:

Նրա խոսքով՝ այդ պարապմունքները հնարավորություն կտան իրականին մոտ պայմաններում մատուցել նյութը, ցուցադրել պահանջվող գործողությունները, իսկ սովորողներին` գործնական վարժանքներով յուրացնել թեման: Բացի երկարաժամկետ ճամբարային փորձաշրջանից, մասնագետները նպատակահարմար են համարում կազմակերպել դաշտային պարապմունքներ շաբաթ կամ կիրակի օրերին՝ աշակերտների և ծնողների համաձայնությամբ, դպրոցի ղեկավարության գիտությամբ:

«Ճամբարային պայմանները առավել մեծ հնարավորություններ են ստեղծում պարապմունքներն անցկացնել ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին, ուսուցանել առանձին թեմաներ՝ «Կողմնորոշում աստղերով», «Տեղաշարժ մթության մեջ», «Պահակային ծառայության անցկացում», «Քողարկված կրակատեղի պատրաստում» և այլն: Ճամբարային պատրաստության և ռազմամարզական խաղերի ընթացքում կարող են լուծվել մի շարք խնդիրներ՝ բնական միջավայրում տեսական գիտելիքների փորձնական ստուգում և ամրապնդում, հմտությունների և կարողությունների զարգացում անհատական և խմբային վարժանքներով, իրավիճակների մոդելավորում և իրական պայմաններում սովորողների խմբային համագործակցության զարգացում, հոգեբանական կայունության ապահովում, սեփական ունակությունները ճանաչելու և ինքնադրսևորվելու հնարավորություն»,- ընդգծեց Կարապետյանը։

Նա շեշտեց, որ Հանրակրթական պետական չափորոշիչները Կառավարության որոշմամբ ընդունվել են, սակայն ՆԶՊ առարկայի ծրագրի չափորոշիչը դեռևս հանրային քննարկման փուլում է: Ճամբարային պարապմունքներ իրականացնելու կարգի հանրային քննարկումն արդեն ավարտվել է: Մասնագետի կարծիքով կարգն այս տարի հունիսին կանցնի առաջին փորձնական փուլը:

  • Կիսվել: