հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, խմբակցությունների ներկայացուցիչների և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Պարոն Գիորգի Տղեմալաձեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

  • Կիսվել: