ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տայսաևի հետ քննարկել ենք Վերին Լարսի անցակետի աշխատանքներին առնչվող խնդիրները. Հակոբյան

Տայսաևի հետ քննարկել ենք Վերին Լարսի անցակետի աշխատանքներին առնչվող խնդիրները. Հակոբյան

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում հյուրերին է ներկայացվել ՀՀ անվտանգային խնդիրներն ու ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի հարձակման հետևանքները։ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ համատեղ հայտարարության ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը։
 
«Տարածաշրջանային իրադրության վերաբերյալ կարևոր հարցեր քննարկվեցին։ Հյուրերին ներկայացվեց ՀՀ անվտանգային խնդիրներն ու ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի հարձակման հետևանքները։ Մանրամասն տեղեկություններ տրամադրվեցին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, ընդգծվեց ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի անհապաղ դուրսբերման կարևորությունը»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` նիստի օրակարգային հարցերը եղել են խորհրդարանական համագործակցության շրջանակում ԵԱՏՄ–ի զարգացման հեռանկարներն ու առաջնահերթությունները` ներկա գլոբալ մարտահրավերների ժամանակ, ինչպես նաև Վերին Լարսի անցակետի աշխատանքներին առնչվող խնդիրները։ Բացի այդ, ըստ Հակոբյանի, նիստի ընթացքում երկուստեք կարևորվել է խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման ձևաչափը։ Խոսվել է նաև միջազգային խորհրդարանական կառույցներում համակարգված փոխգործակցության մասին, ընդգծվել է համատեղ դիրքորոշումների կարևորությունը։
Ընդհանուր առմամբ, Հակոբյանի գնահատմամբ, հանդիպումն արդյունավետ է եղել։
 
Տայսաևն իր հերթին հայտնեց, որ տևական ժամանակ է, ինչ համատեղ մի շարք հարցեր են քննարկում և այսօր պարզապես անհրաժեշտ է որոշումներ կայացնել, որպեսզի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՀՀ–ի բնակիչների կյանքն ավելի հեշտացվի։
 
«Մենք չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի և Հայաստանն առանց Ռուսաստանի»,–ասաց նա։
Տայսաևը հավելեց, որ հետագա աշխատանքների կանոնակարգման համար ճանապարհային քարտեզ են մշակել։

  • Կիսվել: