կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տպավորություն է՝ Բաքուն մտադիր է խաղաղության պայմանագիր ստորագրել, հետո  տարածքային  պահանջներ առաջադրել ՀՀ-ին.Փաշինյան

Տպավորություն է՝ Բաքուն մտադիր է խաղաղության պայմանագիր ստորագրել, հետո տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին.Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Կոռնիձորում գտնվող հումանիտար օգնության ԼՂ տեղափոխելու արգելափակմանը, ինչպես նաև խաղաղ գործընթացը վիժեցնելու Ադրբեջանի գործողություններին:

Մասնավորապես, վարչապետը նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության Հայաստանի Հանրապետության կառավարական աշխատանքային խմբի որոշմամբ նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանը՝ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Հիշեցնեմ՝ Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռներ ուղարկելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց իր կողմից Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռներ տեղափոխելու անհնարինության մասին, քանի որ Ադրբեջանն ապօրինաբար խոչընդոտում է նաև այդ ջանքերին:

Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը սույն թվականի հունիսի 15-ին, ինչպես ինքն է ձևակերպում, հայկական կողմի ռազմական սադրանքն է: Հիշեցնեմ, այդ օրն Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարի կամրջի եզրին՝ Հայաստանի տարածքում, արժանանալով Հայաստանի սահմանապահ զորքերի օրինական հակազդեցությանը: Հենց Ադրբեջանի վերը նշված գործողությունն է սադրանքը՝ առավել ևս այն պայմաններում, երբ երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ մեկնարկի փուլում են: Տարբեր տեղերում ինքնակամ և հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման և, ընդհանրապես, խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման:

Նախորդ օրը սա երևաց նաև Ադրբեջանի նախագահի Եվրոնյուզին տված հարցազրույցում: Հայտարարելով՝ թե իբր Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի, Ադրբեջանի նախագահն ասում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991թ. Ալմաթիի հռչակագրով, և դա վերահաստատվել է 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմք: Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը՝ վիճարկելու տեղ թողնող դրույթներով, խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում: Եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Իսկ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը ոչ թե սահմանի բացակայության մասին է վկայում, այլ հակառակը՝ որոշված, այսինքն Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է՝ որպես պետական սահման:

Այդ առումով ուզում եմ ընդգծել Հայաստանի հավատարմությունը միմյանց՝ 86,600 և 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը: Սպասում ենք Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը: Նաև ուզում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր բարդությունների, մենք իսկապես երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն ունենք, և Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից, ինչպես օրինակ՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շարունակական տորպետահարումը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և շաբաթվա սկզբին Լաչինի միջանցքից Կարմիր խաչի կողմից Երևան տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը: Վագիֆ Խաչատրյանին, մյուս գերիներին, պատանդներին, պահվող անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ: Որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ, կոչ եմ անում նաև չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ Լաչինի միջանցքով, առավել ևս, որ բեռի անցմանը խոչընդոտելը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 1-ի որոշումների կոպիտ խախտում է:

Չնայած մյուս կողմից՝ Ադրբեջանի նախագահի Եվրոնյուզին տված հարցազրույցում արած հայտարարությունից հետո՝ թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պարզաբանումը՝ ինչո՞ւ նրանք չեն ապահովում Հայաստանի Հանրապետության կառավարության հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը: Կարծում եմ այս հարցի պարզաբանումը կարևոր է, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ:

Շնորհակալություն»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: