ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տարբեր բնագավառներում ունենք պատասխանատուներ, իսկ հանցավորության դեմ պայքարը, երկրի ներքին անվտանգությունը չունի քաղաքական պատասխանատու. Խաչատրյան

Տարբեր բնագավառներում ունենք պատասխանատուներ, իսկ հանցավորության դեմ պայքարը, երկրի ներքին անվտանգությունը չունի քաղաքական պատասխանատու. Խաչատրյան

Այսօր ՛՛Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասել է, որ հնցագործության, իրավախախտումների դեմ պայքարը չունի քաղաքական պատասխանատու: 

՛՛Մենք առողջապահության բնագավառում ունենք քաղաքական պատասխանատու՝ ի դեմս առողջապահության նախարարի, տնտեսության բնագավառում ունենք, ՊՆ բնագավառում ունենք, իսկ հանցավորության դեմ պայքարը, երկրի ներքին անվտանգությունը չունի քաղաքական պատասխանատու: Մենք չպետք է ակնկալեինք, որ այս ոլորտը պիտի նորմալ զարգացում ապրեր այս իրավիճակում: Մեզ անհրաժեշտ է նախարարություն ստեղծելն ու նախարար ունենալը՛՛,-նշել է նա:

Խաչատրյանն ընդգծել է, որ կարևոր է, որ ոստիկանությունն ունենա քննչական մարմին, որ Քննչական կոմիտեն լրացուցիչ չծանրաբեռնվի:

ԵԱՀԿ փորձագետ Լաուրի Թաբուրը, իր ելույթում ներկայացնելով Էստոնիայի փորձը, անդրադարձել է իրավապահ մարմինների քաղաքացիական վերահսկողության և, ընդհանուր առմամբ, հանրային անվտանգության հարցերին: Կարևորելով ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները՝ Լաուրի Թաբուրը գնահատանքով է խոսել ոստիկանական ծառայության աշխատանքի մասին: Նա շեշտել է համակարգում թվայնացման և համապատասխան կադրերով ապահովելու հարցերը:

Ամփոփիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը արդյունավետ և կառուցողական է գնահատել խորհրդարանական լսումներում կայացած քննարկումները:

Ըստ նրա՝ քննարկումները դեռևս շարունակվում են, 10-օրյա ժամկետում կլրամշակվի փաթեթը: Ընդգծելով, որ ՆԳՆ-ի ձևավորման շրջանակում կատարվել է ծավալուն աշխատանք, Արփինե Սարգսյանը նշել է, որ դեռևս շատ աշխատանքներ պետք է իրականացվեն գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին:

  • Կիսվել: