շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են. Ալիև

Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են. Ալիև

Օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ գլոբալ մեդիա ֆորում է կայացել, որի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շուտով կավարտի երկաթուղու իր հատվածի շինարարությունը՝ երթուղին գործարկելու համար, իսկ հայկական կողմից «հինգ տարի է՝ աշխատանքներ չեն իրականացվել»:

«Ցավոք, հայկական կողմը վերջին հինգ տարում որևէ աշխատանք (կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ - խմբ.) չի իրականացրել։ Այդ հարցը գիտակցաբար հանվում է օրակարգից։ Այդ դեպքում Հայաստանի համար երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի։ Եթե նրանք շարունակեն արգելափակել այս գործընթացը, կարծում եմ, կհայտնվեն ոչ միայն տրանսպորտային մեկուսացման մեջ, որում այսօր գտնվում են, այլև որոշակի առումով՝ քաղաքական մեկուսացման մեջ»,-ասել է նա։

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու հնարավորություններն արագորեն նվազում են։

«Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են։ Եթե Երևանը շարունակի փակ պահել «Զանգեզուրի միջանցքը», ապա կարող է հայտնվել ոչ միայն տրանսպորտային, այլև քաղաքական մեկուսացման մեջ: Հայաստանի և Ադրբեջանի շահերը կարող են համընկնել, սակայն Երևանի գործողությունները չեն նպաստում տարածաշրջանային ինտեգրմանը»,-ասել է Ալիևը:

Ընդ որում, նա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ներուժը «նախնական փուլում գնահատել է 15 մլն տոննա բեռ»։

«Մենք գործնականում ավարտում ենք երկաթգծի շինարարությունը մինչև Հայաստանի և Իրանի հետ մեր սահմանի հատման կետը։ Հավանաբար, մեկ տարուց էլ պակաս ժամանակում, գուցե նույնիսկ հաջորդ տարվա գարնանը, այդ երկաթգծի ադրբեջանական հատվածը կառուցված կլինի»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա նաև հավելել է. «Զանգեզուրի միջանցքի իրականացումը, ըստ էության, կբացի Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ ուղղություն։ Ոչ միայն այն, որի մասին բոլորն են խոսում՝ Ռուսաստանից Ադրբեջանով դեպի Իրան՝ մինչև Ռեշթ, այլև Արևելյան Զանգեզուրի և Զանգեզուրի շրջանի այլ հատվածների միջոցով դեպի Իրան և այնուհետև՝ Թուրքիա։ Ուստի բեռնահոսքի ծավալի ավելացման համար հսկայական հեռանկարներ են բացվում»։

Բացի դրանից՝ Ադրբեջանի նախագահը նշել է. «Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չի լինի որևէ օտարերկրյա օպերատոր կամ որևէ այլ արտաքին վերահսկողություն։ Անհրաժեշտ է անարգել մուտք Ադրբեջանի մեկ մասից մյուսը: Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ, քանի որ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի»:

Ալիևն այս համատեքստում դարձյալ հիշատակել է Հայաստանի Սահմանադրությունը:

«Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ Սահմանադրության մեջ և, սկզբունքորեն, սա է ամբողջը։ Խաղաղության պայմանագրի տեքստն արդեն համաձայնեցված է»,-ասել է նա։ 

  • Կիսվել: