Սյունիքի դիմակայության բարձրացումը ՀՀ առաջներթություններից է, սրան օժանդակում է նաև Ֆրանսիան. Խուդաթյան
Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը, որը մեր միջպետական հարաբերությունների ամենադինամիկ ոլորտներից է, ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 2–ին, Գորիսում Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Այսօր Գորիսում կազմակերպվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովը դրա լավագույն վկայությունն է։ Ուշագրավ է, որ դեռևս մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեր երկու երկրների միջև, արդեն Փարիզի շրջանի Բանիոն քույր քաղաք է եղել Հայաստանի Վանաձոր քաղաքի հետ, իսկ հիմա մեր համագործակցության արդյունքում հինգ տասնյակից ավել այդպիսի քաղաքներ, քաղաքային միավորումներ և համայնքներ կան։ Ֆրանսիայի տեղական իշխանությունների մեծաթիվ ներկայությունը այս համաժողովին արտահայտում է մեր ժողովուրդների բարեկամությունը, որի ողջ խորությունը վերջին տարիներին ավելի է ընդգծվել։
Կանոնավոր և բարձրաստիճան երկխոսության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ընդգրկուն օրակարգ ձևավորված ձևավորվել է ինչպես քաղաքական, տնտեսական, պաշտպանական, կրթամշակութային, առողջապահական, ֆրանկոֆոնիայի և այլ բնագավառներում։
Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական և այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ»,–ասաց նա։
Խուդաթյանի խոսքով, Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5–րդ համաժողովի անցկացումը մասնավորապես Սյունիքի մարզում ռազմավարական կարևորություն ունի. «Հավաստիացնում եմ, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայել այն պատշաճ մակարդակով կազմակերպելու Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը աջակցելու համար։
Կոչ եմ անում տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին ակտիվորեն ներգրավվել այս օրերի բովանդակային քննարկումներին, որոնք թույլ կտան նոր ծրագրեր նախանշել և ընդլայնել գործընկերության առկա շրջանակը Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությանը որակապես նոր մակարդակ հաղորդելու համար։
Եվս մեկ անգամ բարով եք եկել Հայաստան, բարով եք եկել Սյունիք և բարով եք եկել Գորիս, լավ արդյունավետ աշխատանքային օրեր եմ ցանկանում բոլորիս, շնորհակալություն»,– նշեց նա։