չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սուվերեն տարածքից ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան, նոր հետո խաղաղության մասին ինչ-որ խոսակցություն լինի. Խաչատրյան

Սուվերեն տարածքից ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան, նոր հետո խաղաղության մասին ինչ-որ խոսակցություն լինի. Խաչատրյան

Իմ կարծիքով պետք է լինի սահմանների հստակեցում, ինչը ենթադրում է դեմարկացիա և դելիմիատացիա, որից հետո նոր խաղաղության գործընթացը պետք է իրականացվի: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե խաղաղության պայմանագիրը կկնքվի դեմարկացիա և դելիմիատացիայից հետո, թե մինչև այդ։

«Խաղաղություն՝ դա ենթադրում է փոխադարձ տարածքների ճանաչում: Իսկ այդ տարածքների հստակեցումը միայն կարող է իրականացվել դեմարկացիա և դելիմիատացիայի միջոցով»,- ասաց Խաչատրյանը:

Կարո՞ղ է կարճ ժամանակահատվածում դելիմիտացիա իրականացվել, որովհետև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի կնքման մասին է խոսվում, պատգամավորն այս հարցին ի պատասխան ասաց, որն ամեն դեպքում կարող են պայմանավորվածություններ լինել.

«Չի բացառվում, որ այո՛ խաղաղություն և միաժամանակ սկսվի այսպիսի գործընթաց: Ցանկացած ֆորմատով կարող է իրականացվել, կարևորը քաղաքական կամքն է, որ պետք է ունենալ: Այո, պետք է գնալ խաղաղության, և երբ այդ կամքը լինի՝ որ գործողությունը որից հետո, ինչին կհաջորդի, դա այնքան էլ էական չէ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու հստակ պահանջ չի դրվում, որ օրինակ՝ Ադրբեջանցիները պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից նոր մենք կնքենք խաղաղության պայմանագիր, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ դա այնքան բնական պահանջ է, որ ի սկզբանե բոլոր բանակցային գործընթացներում, բոլոր քննարկումների ժամանակ այն հիմնական պահանջն է.

«Իհարկե, սուվերեն տարածքից ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան, նոր հետո խաղաղության մասին ինչ-որ խոսակցություն լինի: Եթե մի երկիր չի փորձում ազատել քո սուվերեն տարածքը, ապա դա ի սկզբանե նշանակում է, որ ինքը խաղաղության նպատակ չունի»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքով, այս պահի դրությամբ փաստաթղթերում ամրագրվում է այն, ինչն այս պահի դրությամբ մեր դիվանագիտական ռեսուրսները ներում են, որ կարողանանք անել: Բայց հետագայում ինչ կամրագրվի՝ հայտնի չէ:

«Ամեն դեպքում, տրամաբանական է և ամենահիմնական խնդիրներից մեկն այն է, որ այս պահի դրությամբ մենք ունենք սուվերեն տարածք, որտեղ գտնվում է հայկառակորդի զինուժը: Իհարկե այդ զինուժը պետք է ազատի տարածքը և մնացածը հետագայի պրոցեսներ են: Կարծում եմ, որ բանակցային պրոցեսի հենց սկզբում պետք է լինի հենց դա և մենք Ադրբեջանի բարի ցանկությունները խաղաղությանը ուղղված կտեսնենք հենց այդ գործողությամբ: Եթե նա օկուպացված տարածքները կազատի, արդեն վստահություն կունենանք, որ այո՛, ուրեմն քաղաքական որոշում իրենք ունեն»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը:

  • Կիսվել: