շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Սուր շնչառական հիվանդություններով ու գրիպով վարակներն ակտիվացել են, թիրախում երեխաներն են

Սուր շնչառական հիվանդություններով ու գրիպով վարակներն ակտիվացել են, թիրախում երեխաներն են

Հանրապետությունում սուր շնչառական հիվանդություններով ու գրիպով պայմանավորված նկատվում է հիվանդացության բարձր ակտիվություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկականերում, այնպես էլ հիվանդանոցներում: Բարձր ակտիվություն է նկատվում Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, սակայն առավել բարձ ցուցանիշներ առկա են Երևանում:

«Վերջին տվյալներով ստացիոնար բուժում է ստանում 661 բուժառու, որից շուրջ 95 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են: Երևանի մանկական բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում 17 երեխա: Առավել խոցելի են 0-4 տարեկանները, նրանց մոտ հիվանդությունը ծանր է ընթանում»,-ասաց Եվգենյա Խաչատրյանը:

Մշտադիտարկում իրականացվում է նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում: Հավաքագրված տվյալները ցույց են տալիս, որ բացակայությունների թիվն աճել է:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ներկայում Հայաստանում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը, որը որոշ դեպքերում ավելի սուր ընթացք է ունենում: Ախտանշանները նույնն են, որոնք բնորոշ են սուր շնչառական հիվանդություններին՝ հարբուխ, կոկորդի ցավ, ընդհանուր մկանացավ, գլխացավ: Կարող է ուղեկցվել ջերմությունով կամ առանց դրա: Խորհուրդ է տրվում հաճախ օդափոխել սենյակները, ախտահանել ձեռքերը, պահպանել հակահամաճարակային կանոնները: Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ կանխարգելիչ կարևոր գործոններից է նաև դիմակ կրելը, որը կօգնի վարակի շղթան կոտրելու գործում:

Գրիպի կանխարգելելու համար առանցքային է պատվաստումը: Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ պատվաստանյութերն առկա են պոլիկլինիկաներում, ցանկացողները կարող են դիմել:  

  • Կիսվել: