երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Սփյուռքը` որպես քաղաքական միավոր, մերժել և մերժում է Հայաստանի իշխանություններին. ՀՅԴ անդամ

Սփյուռքը` որպես քաղաքական միավոր, մերժել և մերժում է Հայաստանի իշխանություններին. ՀՅԴ անդամ

ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովում կքննարկվեն Հայաստանի անվտանգային սպառնալիքները, անվտանգային այն միջավայրը, որը ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի վրա և բնականաբար ներքին խնդիրները, որովհետև դրանք ուղղակիորեն փոխկապակցված են մեկը մյուսին։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՅԴ Ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Ընդհանուր ժողովի պատվիրակ Ղուկասյանը:

«Բնականաբար ժողովին ընդառաջ չենք կարող ասել ինչ քննարկումներ պետք է ծավալվեն, դրանց մասին կարող ենք խոսել ընդհանուր ժողովի ավարտից հետո»,-ասաց նա:

Ղուկասյանը հայտարարեց, որ Հայ Դատի համակարգը չի կիսում ՀՀ իշխանքությունների մոտեցումները, ըստ որի Հայաստանը չունի լիազորություն զբաղվելու այն հիմնախնդիրներով, որը տարիներ շարունակ պաշտպանել է Հայդատը և Սփյուռքը. «Հայ Դատը իր քաղաքական առաջնահերթությունները չի պայմանավորում ՀՀ իշխանությունների քաղաքական առաջնահերթություններով, որոնք անցողիկ երևույթ են, իսկ գոնե Դաշնակցությունը այս տարի տոնում է իր 135-ամյակը, իսկ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների միջազգային ցանցը 80- ամյակը։ Այս ամբողջ ընթացքում Հայ դատի հանձնախմբերի քաղաքական առաջնահերթությունները պայմանավորված են եղել այն իրավիճակով, որում հայ ժողովուրդը գտնվել է և հայկական պետականությունները գտնվել են։

Բնականաբար 2023 թվականի էթնիկ զտման ցեղասպանական գործողություններից հետո Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների մոտ կատարվել են քաղաքական առաջնահերթությունների վերաճշգրտումներ, և դրանք հիմա ներկայումս հանգում են հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին, արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը, Ղարաբաղյան հիմնախնդիրը անընդհատ միջազգային հարաբերություններում քննարկման օրակարգի վրա պահելուն և այլն»,- ընդգծեց նա:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղիների եւ ռազմագերիների վերադարձի մասին, նա նշեց. «Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների միջազգային ցանցին ներկայումս գոնե հաջողվել է որոշակիորեն Ղարաբաղյան հակամարտությունը պահել միջազգային հարաբերություններում միշտ շարք հարթակներում, այդ թվում Եվրոպական Միությունում, Եվրոպական  խորհրդարանում, Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում, միջազգային մի շարք դատական ատյաններում և առհասարակ միջազգային հարաբերություններում քննարկման նյութ պահել նաև ՄԱԿ-ի որոշ գրասենյակներում և խորհուրդներում։

 

ՀՀ իշխանությունների դիրքորոշումը հայտնի է, դրանք բնականաբար խանգարում են Հայ դատի խմբերի աշխատանքներին։

Իշխանությունների անգործությունը բացահայտ փաստ է, և այդ փաստը այո, խանգարում է Հայ դատի հանձնախմբերին և գրասենյակներին իրենց աշխատանքը: Մենք չենք տեսնում այսօր միջազգային որևէ հարթակում Արցախահայրության իրավունքների մասին բարձրաձայնում։ Կան տեղեր, որ նույնիսկ նախաձեռնությունները լինում են մեր միջազգային գործընկերների կողմից, բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են լռել։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ինչ-որ պահի ՀՀ-ում կարգելվի Հայ դատի գործունեությունը, Ղուկասյանն ասաց. «ՀՀ իշխանությունները չեն կարող արգելափակել Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաշխարհային ցանցի գործունեությունը, ուղղակի չեն կարող դրա հնարավորությունները չունեն:

Իշխանությունների քաղաքականությունը սփյուռքը ջլատելու խիստ բացասական է, հակահայ է իր էությամբ, բայց այդ քաղաքականությունը իր սպասված արդյունքը չի տվել, այն արդյունքը, որը իշխանություններն են սպասում։ Եթե դուք հետևեք վարչապետի տարբեր այցելություններին, կտեսնեք, որ այնտեղ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ չեն մասնակցում, իսկ մասնակցելու հետո բավական կոշտ դիրքորոշումներով են հանդես գալիս: Այսինքն Սփյուռքը որպես կազմակերպական միավոր, որպես քաղաքական միավոր ըստ էության մերժել է և մերժում է Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին»:

  • Կիսվել: