երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Սխալ եմ արել, որ 2018 թվականի ողջ բանակցային ժառանգությունը չեմ հրապարակել․ Փաշինյան

Սխալ եմ արել, որ 2018 թվականի ողջ բանակցային ժառանգությունը չեմ հրապարակել․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր սխալն է համարում 2018 թվականին Լեռնային Ղարաբաղի հարցով ողջ բանակցային ժառանգությունը չհրապարակելը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը և ընդգծեց, որ իր ղեկավարած կառավարությանը համարում է պատերազմի հետևանքների պատասխանատու և մեղավոր:

«Ես ինչ-որ տեղ ընդունում եմ, որ սխալ եմ արել, որ 2018 թվականի ողջ բանակցային ժառանգությունը չեմ հրապարակել: Հիմա կարող եմ ընդունել դա, որպես սխալ»,- ասաց Փաշինյանը:

Պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, վարչապետը հավելեց․

«Իմ կարծիքով՝ պարոն Աբրահամյանը շատ կարևոր հարց է բարձրացնում, թե արդյոք կարո՞ղ է պատերազմից խուսափելու համար տարածքներ զիջվեն։ Ես ուզում եմ բոլորս շատ լավ հասկականք ու արձանագրենք, որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում հայկական պատվիարկությունը երբեք չի վիճարկել պարոն Աբրահամյանի կողմից հիշատակվող տարածքների՝ Ադրբեջանին վերադարձնելու անխուսափելիությունը։

Եթե մենք առաջնորդվելիս լինեինք պարոն Աբրահամյանի տրամաբանությամբ, և հիմա նաև այդ քննադատությունը կա, որ պատերազմից առաջ այդ տարածքները պետք էր զիջել, որ ընդհակառակը, ՀՀ կառավարությունը սխալ է վարվել, որ այդ հանգրվանում ստանձնելով բանակցային գործընթացը՝ չի զիջել այդ տարածքները․․․

Այդ քննադատությունը կա, և ես իմ ելույթում ասացի, որ մեր հայեցակարգային ընկալումներում կան շատ լուրջ ներքին հակասություններ, և հենց պարոն Աբրահամյանի բարձրացրած հարցում այդ հակասությունները արտահայտվում են։ Խոսվում է ուրիշ տարածքների զիջման մասին, նոյեմբերի 9-ից հետո։ Նոյեմբերի 9-ից հետո Զինված ուժերը հետ են քաշվել այն տարածքներից, որը պարոն Աբրահամյանի ներկայացրած կուսակցությունը, լինելով խորհրդարանական մեծամասնություն, 2010 թվականին այս դահլիճում ընդունել է «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենք, որով այդ տարածքները ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս, և այն մարդիկ, որոնք կողմ են քվեարկել այդ օրենքին, կամ որոնց ծնողները հենարան են դարձել այդ օրենքի քննարկման համար, այսօր ասում են, որ Արցախի տարածքների 70 տոկոսը կորսվել է։ Ո՛չ, այդ ձեր հիշատակած 70 տոկոսի 80 տոկոսը դուք ընդունել եք որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Դուք եք ընդունել, ուրիշ որևէ մեկը չի ընդունել։ Ես այստեղից ասում եմ անհերքելի փաստեր և ասելու եմ անհերքելի փաստեր, չկա այնպիսի հարց, որին պատասխանելուց ես կխուսափեմ։ Կարող է լինել իրավիճակ, երբ ես կասեմ՝ եկեք այդ հարցի պատասխանը ես բարձրաձայնեմ դռնփակ ռեժիմով, որովհետև դա ՀՀ ազգային անվտանգության հարց կարող է լինել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշատակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականի ապրիլի 17-ի արված հայտարարությունը, որտեղ նա խոսել էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը փակուղային վիճակում հայտնվելու մասին:

«Ես այս ամբիոնից տասնյակ անգամ եմ ասել, որ այո, մենք մինչև վերջին րոպեն և վայրկյանը պայքարել ենք, կռիվ ենք տվել»,- ընդգծեց Փաշինյանը:

  • Կիսվել: