երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սինանյանը Բրյուսելում որպես բանախոս հանդես կգա «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին

Սինանյանը Բրյուսելում որպես բանախոս հանդես կգա «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում՝ որպես բանախոս հանդես գալու «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին:

Համաժողովը նախաձեռնել են Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը և Եվրոպայում հայերի միությունը՝ ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Ազգերի զարգացման ինստիտուտ հիմնադրամի աջակցությամբ։

Միջոցառման նպատակն է ստեղծել մի հարթակ, որը կմիավորի նշանավոր հասարակական, քաղաքական գործիչների, փորձագետների, հասարակական կարծիքի առաջնորդների եվրոպական հարկի տակ՝ քննարկելու Հայաստանի եվրաինտեգրման ներուժն ու առկա խոչընդոտները և տարբեր ոլորտներում համագործակցության առկա հնարավորությունները։

Նախևառաջ տեղի է ունեցել ճանաչողական հանդիպում֊քննարկում համաժողովի նիստավարների, բանախոսների և տարբեր երկրներից ժամանած մասնակիցների միջև։

Այնուհետ Բրյուսելի Հայ տան սրահում մեկնարկել են համաժողովի աշխատանքները՝ «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. նոր մարտահրավերներ և անսահմանափակ հնարավորություններ» կարգախոսի ներքո:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը համաժողովի շրջանակներում որպես բանախոս հանդես է եկել «Հայաստանն Արևելյան գործընկերության տարածաշրջանում. կամուրջների ամրացում, համագործակցության զարգացում, իրավունքի գերակայության, ժողովրդավարության միջավայրի հզորացում և խաղաղություն» պանելային քննարկման ընթացքում: Նա շեշտել է Հայաստանի ժողովրդավարության գործընթացներում սփյուռքի մտավոր ներուժի ներգրավման կարևորությունը և ընդգծել, որ հայկական սփյուռքն ակնկալում է ունենալ անվտանգ միջավայր հայրենիքում, որտեղ հայ մարդը կարող է բարգավաճել և հարատևել:

Պանելային նիստին որպես բանախոսներ մասնակցում էին Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին (Ֆրանսիա), իրավաբան, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության (ACGRC) վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը և Հայաստան-ԵՄ քաղաքացիական Հասարակության հարթակ (CEPA) համահամակարգող Լուսինե Հակոբյանը:

Համաժողովին ելույթ է ունեցել նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

  • Կիսվել: