Սիմոնյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր թվիթերյան էջում մանրամասներ է հայտնել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպումից:
«Քննարկեցինք երկկողմ հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և ընդհանուր տարածաշրջանը։ Ես ներկայացրել եմ նաև Հայաստանի կառավարության «խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Մենք պայմանավորվել ենք հետագայում շարունակել մեր շփումները»,- հայտնել է նա:
Ավելի ուշ հայկական կողմը հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ ԱԺ նախագահը թուրքական կողմին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները եւ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը խաղաղության հաստատման գործընթացին: Ալեն Սիմոնյանը թուրք գործընկերոջն է ներկայացրել նաեւ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Կողմերը հանդիպման ավարտին ձեռք են բերել շփումները շարունակելու պայմանավորվածություն»: