շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շուրջ 200 մասնակից աշխարհի տարբեր երկրներից. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովը ամփոփում է արդյունքները

Շուրջ 200 մասնակից աշխարհի տարբեր երկրներից. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովը ամփոփում է արդյունքները

Շուրջ 200 մասնակից աշխարհի տարբեր երկրներից, նախաձեռնության 15 նպատակներից երեքի քննարկում. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովը ամփոփում է արդյունքները:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովը 2023 թվականի մարտի 10-12-ին մեկ դահլիճում էր համախմբել  200 մասնակցի աշխարհի տարբեր երկրներից։ Երեք օրերի ընթացքում նրանք քննարկել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ», ու քվեարկությամբ ընտրեցին յուրաքանչյուր նպատակին վերաբերող քաղաքականության առաջարկներ և նախաձեռնությունների առաջնահերթություններ:

Ամփոփելով համաժողովի արդյունքները, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ընդգծեց, որ եթե ներկայի հրատապության պայմաններում չկարողանան քննարկել և պատկերացնել ապագան, որը կարող է պատկանել բոլորին, և հանուն որի արժե անել այն ներդրումները և զոհողությունները, որոնք անհրաժեշտ են դրան հասնելու համար, ապա կմնանք ներկայում: «Ավելի ճիշտ, կվերադառնանք անցյալ։ Իսկ մեր անցյալը, բացառությամբ մի քանի պայծառ պահերի, այնպիսին չէ, որին, կարծում եմ, որևէ մեկը ցանկանում է վերադառնալ»,- ասաց Աֆեյանը:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն էլ նշեց, որ Արցախի հետ կապված հարցերը մեծ ազդեցություն են թողնելու ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հայկական աշխարհի վրա:

«Եվ մենք վստահ ենք, որ այդ ճանապարհը պիտի միասին անցնենք, որովհետև Արցախի անվտանգությունը և անկախությունը պաշտպանելը միայն արցախցիների խնդիրը չէ»,- նշեց Ռուբեն Վարդանյանը:

Խոսելով համաժողովի մոդելի ընտրությունից և հաջողությունից՝ նախաձեռնության համահիմնադիր Արթուր Ալավերդյանն ասաց, որ Համաժողովի մոդելը՝ որպես միասին որոշումներ կայացնելու նոր ձևաչափ, աշխարհում բարդագույն մարտահրավերներին ի պատասխան, նոր ձևավորվող մոդելներից է:

«Համաժողովը ցույց տվեց, որ այդ նորարարական մոտեցումը մեզ մոտ աշխատում է և հակառակ կարծիքներ ունեցող մարդիկ կարող են բարդ խնդիրների շուրջ գալ միասնական որոշման։ Այսինքն, այս մոդելի կիրառումը մեր կողմից շարունակական է լինելու: Համաժողովը կենտրոնացել էր երեք նպատակների քննարկման վրա, բայց դեռ ունենք մյուս նպատակները, որոնք նույնպես պետք է քննարկենք»,-ասաց նա:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռիչարդ Ազարնիան էլ ընդգծեց, որ նախաձեռնության առաքելությունը տեսնում է  սահմանած 15 նպատակները կյանքի կոչելու մեջ:

«Իմ կարծիքով, կարևորն այս պահին միավորվելն է: Համաժողովի ընդունած գաղափարներին միասին պետք է հետևենք, որովհետև դրանք մեր հավաքական գաղափարներն են:Հիմա պիտի ձեռք ձեռքի բռնենք և մասին քայլենք։ Ապագա Հայկականի նպատակն այդ ճանապարհը հեշտացնելն ու արագացնելն է»,- ասաց Ռիչարդ Ազարնիան:

 Համաժողովի ընթացքում իրականացված քվեարկության արդյունքում ներկաների  92,7% քվեարկել է «Արցախը համայն հայության խնդիրն է» տեսակետի օգտին: Մեծ ուշադրության է արժանացել նաև Հայաստանի և Սփյուռքի համար գործարարների համագործակցության, Հայկական ժառանգության միասնական ցանցերի և ներգաղթի կազմակերպման ու քարոզչության գործակալություն ստեղծելու առաջարկները:

  • Կիսվել: