երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցանկացած արդարացում, թե ընդդիմության կարծիքը և խոսքը լսելի չի եղել անհիմն ու կեղծ են․Շիրակի մարզպետն՝ ընդդիմությանը

Ցանկացած արդարացում, թե ընդդիմության կարծիքը և խոսքը լսելի չի եղել անհիմն ու կեղծ են․Շիրակի մարզպետն՝ ընդդիմությանը

ԵԽԽՎ-ի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձևի ընդունման, որոշ ընդդիմադիր գործիչների վարքագծին եւ դրան հաջորդող արդարացումներին որոշել էի չանդրադառնալ, սակայն իրենց խայտառակ քվեարկությունը քողարկելու համար, վերջիններս ջանասիրաբար փորձում են կասկածի տակ դնել թե՛ հայաստանյան պատվիրակության մաս կազմող կառավարող ուժի անդամների աշխատանքը, թե՛ ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի վերլուծությունն ու զեկույցը, և, թե՛ Հայաստանում ժողովրդավարության առաջընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ապա շարունակում․

«Այս ամենի համատեքստում պետք է մի քանի կարևոր արձանագրումներ անել. ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունեն և Բորիանա Աբերգը իրենց այցի շրջանակներում, (որն ի դեպ, համընկավ իմ խորհրդարանական գործունեության վերջին օրերի հետ), հանդիպումներ ունեցան կառավարող խմբակցության եւ Կառավարության անդամների, ինչպես նաեւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ԵԽԽՎ-ի Հայաստանի վերաբերյալ համազեկուցողների հանդիպումների շրջանակն իրապես լայն էր՝ Սահմանադրական դատարան, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Բարձրագույն դատական խորհուրդ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Այս հանգամանքը հատուկ եմ ուզում ընդգծել, որովհետև ընդդիմադիր դաշտից հասարակությանը փորձում են հրամցնել այն վարկածը, որ բանաձևում արտացոլված են բացառապես մերձիշխանական տեսակետներ: Այնինչ իրականությունը լրիվ այլ է:

Ե՛վ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն ազատորեն և անխոչընդոտ ներկայացնում էին սեփական տեսակետները: Ավելին, պաշտոնական ընթրիքին իմ հարևանությամբ նստած պարոն Մամիջանյանի հնչեցրած կարծիքը Հայաստանի ժողովրդավարական գործընթացների «անկման» մասին ոչ միայն ինձ ու իմ գործընկերներին էր թվում հիմնազուրկ, այլ նաև ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամներին: Ուստի, ցանկացած արդարացում, թե ընդդիմության կարծիքը և խոսքը լսելի չի եղել կամ ընդունված բանաձևում բացառապես ներառված են կառավարող ուժի տեսակետներն անհիմն ու կեղծ են:

Ավելի զարհուրելի է այն փաստը, որ խորհրդարանական դիվանագիտությունից բացարձակ անտեղյակ օրիորդը, որը ճակատագրի հեգնանքով է հայտնվել խորհրդարանում, հերթական անգամ «մտքի փայլատակումներով» փորձել է առանձնանալ` վկայակոչելով, որ համազեկուցողների, ԵԽԽՎ-ի և ողջ Եվրոպայի համար Հայաստանի ու մեր երկրի պատմական անցյալը միևնույն է: Այնինչ սեփական աչքերով տեսածս ու զգացածս մեկ այլ բանի մասին են խոսում: Համազեկուցողների հետ Հայոց Եղեռնի հուշարձան, ապա Ցեղասպանության թանգարան այցելության ընթացքում ականատեսն էի իրական ապրումակցման և կարեկցանքի:

Եզրափակելով վերոգրյալը՝ խորհուրդ կտամ ընդդիմադիրներին այլևս չանդրադառնալ սույն հարցին: Հասարակությունն իր գնահատականը ձեր վարքագծին արդեն տվել է:

Մի՛ ստիպեք մեզ ասել ավելին»,-նշել է նա:

  • Կիսվել: