հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Շատ հաճախ որոշում է կայացվում տեղում. Արման Եղոյանը՝ Թուրքիայում հնարավոր եռակողմ հանդիպման մասին

Շատ հաճախ որոշում է կայացվում տեղում. Արման Եղոյանը՝ Թուրքիայում հնարավոր եռակողմ հանդիպման մասին

Իմ տեղեկությամբ՝ այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, բայց կարող է և: Չեմ կարող դա բացառել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Թուրքիայում Փաշինյան-Ալիև-Էրդողան եռակողմ հանդիպում նախատեսվա՞ծ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի նախօրեին Էրդողանի հետ պետք է հանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ես տեղեկություն չունեմ: Նախատեսված չէ: Բայց գիտե՞ք՝ միջազգային հանդիպումները ոնց են լինում, շատ հաճախ որոշում է կայացվում տեղում: Դրանում որևէ տարօրինակ բան չեմ տեսնի: Կարծում եմ՝ այցը շատ կարևոր է: Եթե չեմ սխալվում, ապա առաջին երկկողմ այցն է անկախացումից հետո:

Հատկապես այս եռացող տարածաշրջանում, կարծում եմ, Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց»,- ասաց նա:

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, Թուրքիայիում լինի եռակողմ հանդիպում, ի՞նչ է լինելու օրակարգում, Արման Եղոյանը պատասխանեց, որ եթե լինի նման հանդիպում, ապա, բնականաբար, օրակարգը Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը պետք է լինի:

«Այս պահի օրակարգը Հայաստան-Թուրքիա հարաբերություններն են, որի շուրջ արդեն քանի տարի է՝ մեր բանագնացներն են բանակցում: Այդ օրակարգն արդեն բարձրացել է բարձրագույն քաղաքական մակարդակ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա: Վարչապետը նշել էր, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն:

  • Կիսվել: