Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում համագործակցությունը կնպաստի Հայաստանի անվտանգությանը. դեսպան
Այս տարին հայ–չինական հարաբերությունների համար պատմական տարի է։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը։
Դեսպանի խոսքով, հայ–չինական հարաբերությունները շատ ամուր հիմք ունեն, իսկ երկու երկրների միջեւ համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։
«Չնայած որ շատ քիչ ժամանակ եմ գտնվում Հայաստանում, հասցրել եմ զգալ Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ խաղաղության ձգտելու ցանկությունը։ Թե կառավարությունը, թե հայ ժողովուրդը ձգտում են զարգացման եւ բարգավաճման։ Կարծում եմ՝ այն նպատակները, որոնք դրել ենք այս տարի, կիրականան։ Մեր նպատակն է համագործակցությունը զարգացնել Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցով։
Օգոստոսի վերջին Չինաստանում կանցկացվի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, այդ կազմակերպության գործընկեր է նաեւ Հայաստանը։ Եվ վարչապետիմ, եւ այլ պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ես խոսել Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում մեր համագործակցության մասին, որովհետեւ այն նախկինում անվտանգության շուրջ համագործակցությանն էր ուղղված, իսկ այսօր ավելի բաց հարթակ է եւ ներգրավվում է ավելի շատ ոլորտներ։
Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում համագործակցությունը կնպաստի Հայաստանի զարգացմանն ու անվտանգությանը։ Այն բազմակողմ հարթակ է եւ եթե կարողանանք մեր հարաբերությունները հասցնել այդ բազմակողմ հարթակ, դա կարեւոր դեր կհանդիսանա Հայաստանի ազգային անվտանգության եւ զարգացման շահերի պաշտպանության գործում։
Այսինքն կնկատենք առաջխաղացում ոչ միայն մեր երկու երկրների համագործակցության մեջ, այլ հենց Հայաստանի ներքին զարգացման մեջ»,– ասել է դեսպանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ այս տարի կարեւոր տարի է Հայաստանի համար եւ չինական կողմն ամեն ինչ կանի՝ նպատակներն իրականություն դարձնելու համար։