հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շահառու ճանաչել զոհված զինծառայողի հետ փաստական ամունության մեջ գտնվող, սակայն ամուսնության պետական գրանցում չունեցող կանանց. Հայկ Սարգսյանի առաջարկը

Շահառու ճանաչել զոհված զինծառայողի հետ փաստական ամունության մեջ գտնվող, սակայն ամուսնության պետական գրանցում չունեցող կանանց. Հայկ Սարգսյանի առաջարկը

Հայտնի է 16 դեպք, երբ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողները չունեն կին, զավակներ և ծնողներ, և նրանց հատուցում չի տրամադրվել։ Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման նախագծում իր կողմից առաջարկվող փոփոխություններին։

«Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ընտանիքի անդամներին տրվում է հատուցում «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման»  հիմնադրամի կողմից։ Օրենքով սահմանված է, որ զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են հանդիսանում զինծառայողի կինը զավակները և ծնողները։

Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր այդ 16 դեպքով մեր զինծառայողներն ունեն հարազատ քույր, եղբայր, տատ և պապ։ Առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն, և այն զոհված զինծառայողների մասով, որոնք չունեն կին, զավակներ, ծնողներ, շահառու ճանաչել նրանց հարազատ եղբայրներին, քույրերին, տատերին ու պապերին»,-ներկայացրեց պատգամավորը։

Պատգամավորի խոսքով, հատուցման գումարը բաշխվելու է  հավասարաչափ, օրինակ եթե զոհված զինծառայողն ունի 2 հարազատ եղբայր, նրանցից ամեն մեկը կստանա միանվագ 5  միլիոն դրամ, և 100 հազար դրամ առաջիկա 20 տարիների ընթացքում՝ ամենամսյա կտրվածքով։

Սարգսյանը ևս մեկ փոփոխություն է առաջարկում․

 «Նաև շահառու ճանաչել զոհված զինծառայողի հետ փաստական ամունության մեջ գտնվող, սակայն ամուսնության պետական գրանցում չունեցող կանանց»։

Պատգամավորին հայտնի են դեպքեր,  երբ զոհված զինծառայողն ունի համատեղ զավակ, սակայն ամուսնությունը ՔԿԱԳ-ում գրանցված չէ։  

«Զինծառայողի կինը չունի փաստաթուղթ, որով կվկայի, որ նա զոհվածի կինն է և այսպիսով չի ստանում հատուցումը։ Նաև այս դրույթն եմ առաջարկում դիտարկել»,- ամփոփեց Սարգսյանը ։

  • Կիսվել: