Շահագրգիռ ենք ուժեղ գաղափարական միավորի ձևավորմամբ, Աշոտյանը՝ Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող ուժի մասին
Հայաստանում քաղաքական նոր ուժերի ստեղծման համար կա պարարտ հող, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Դա ակնհայտ է, քանի որ եղած քաղաքական ընդդիմադիր և իշխանական միավորները դարձել են չափից ավելի կոշտ, այդքան ճկուն չեն։ Ընդդիմության մասով եմ ասում, ցավոք, այդքան ճկուն չենք, որ հավակնենք այդ դաշտը լցնել մեզնով։ Ցանկացած նոր ընդդիմադիր ուժի ի հայտ գալու համար մնացած ընդդիմադիր ուժերը պետք է որ լինեն շահագրգռված»,-ասաց Աշոտյանը։
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի անվան հետ կապվող քաղաքական զարգացումներին, ՀՀԿ փոխնախագահն ասաց հետևյալը.
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի գաղափարական իմաստով ինչքան հնարավոր է ուժեղ միավոր ձևավորվի։ Սպասելիքները, որ ձևավորվում են այս հարցի կապակցությամբ, չպետք է ավելորդ շտապեցնեն Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին, որպեսզի նրանք կարողանան բավարարել ոչ թե առկա օրակարգի ակնկալիքները, այլ այն խնդիրների լուծմանը, որի համար ձևավորվում են»։


