հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև Գրիգորի Խաչատուրովը. դատախազը թվարկեց մյուսներին

Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև Գրիգորի Խաչատուրովը. դատախազը թվարկեց մյուսներին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը։ Այս մասին ՀՀ ԱԺ–ում ասացՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` մանրամասներ ներկայացնելով, թե Օհանյանի դեմ ովքեր են ցուցմունք տվել։

Հայտնել էինք, որ Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել։

Օհանյանը մեղադրվում է ՊՆ հատուկ նշանակության հողամասերն այլ անձանց վաճառելու և դրանք հափշտակելու մեջ։ Ի դեպ, ըստ Վարդապետյանի, այդ հողամասերից մեկն օտարվել է հենց Գրիգորի Խաչատուրովին։

Դատախազը հայտնեց, որ Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով: Մասնավորապես`Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 11.07.2005 թվականի թիվ 34 և 35 որոշումներով, Կադաստրի կոմիտեից առգրավված կադաստրային 2 գործերի զննությամբ, «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասերի հողատարածքների օտարման վերաբերյալ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի վավերացման մասին նոտարական գործերում առկա փաստաթղթերի զննության մասին արձանագրությամբ և այլն։

«Օհանյանի կողմից այդ արարքների կատարումը հաստատվել է նաև վկաներ՝ Նորայր Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգորի Խաչատուրովի, Արմեն Հակոբյանի, Վարուժան Մուրադյանի և 2005թ. սեպտեմբերի 5-ից մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը զբաղեցրած Էդիկ Ավետիսի Ավետիսյանի ցուցմունքներով»,- նշեց Վարդապետյանը:

Դատախազը հավելեց, որ Օհանյանը հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալ։ Միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել։

  • Կիսվել: