հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սևանի համայնքապետարանում գործելու է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Սևանի համայնքապետարանում գործելու է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Սևանի համայնքապետարանի վարչական շենքում ընթանում են «Սևան համայնքում քաղաքացիների սպասարկման գրասենյակի ստեղծում» ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից: 
 
Ի թիվս հանրապետությունում գործող երեք տասնյակից ավելի գրասենյակների, Սևանում հիմնվող գրասենյակն էլ աշխատելու է «մեկ պատուհան» սկզբունքով, որի նպատակն է քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:
 
Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն: Գրասենյակը հիմնվելու է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
 
Սևանի համայնքապետարանի և ԳՄՀԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, ԳՄՀԸ հատկացվող դրամաշնորհի շրջանակներում, գրասենյակի համար հատկացված տարածքի հիմնանորոգման աշխատանքներին կհաջորդեն կահավորումը և անհրաժեշտ տեխնիկայի տեղադրումը:
 
Սևանի համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում:
 
Մեկ միասնական տեղեկատվական միջավայրը նպաստելու է մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը, ՏԻՄ-ի աշխատանքների հաշվետվողականությանը, իրականացվող աշխատանքների որակի բարելավմանը: Սևան համայնքում Քաղաքացիների սպասարկման գրասենյակը գործելու է այս տարվա նոյեմբեր ամսից:

  • Կիսվել: