երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթեր կհրապարակի

Սերժ Սարգսյանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթեր կհրապարակի

Կազանում փաստաթուղթ չընդունեցինք: Այնտեղ պետք է հռչակագիր լիներ, այսինքն՝ առանց ստորագրությունների հայտարարվեր, քանի որ հիմնական փաստաթուղթը պետք է լիներ միջպետական պայմանագիրը` համապարփակ պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման, որն ամեն ինչ ներառելու էր: Այս մասն այսօր բացառիկ հարցազրույցի ժամանակ, խոսելով ԼՂ բանակցային հարցի շուրջ, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե Կազանում խաղաղությա՞ն պայմանագիր էր լինելու, թե ոչ, նա ասաց. ՛՛Դա Արցախի խնդրի խաղաղ կերպով լուծելու պայմանագիր էր՛՛:

Սարգսյանի խոսքով՝ այն լինելու էր երկու կողմերի միջև կնքված:

՛՛Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությամբ: Շատ հստակ գրված էր՛՛,-ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությունը վերականգնվելու էր հենց պայմանագրի շուրջ բանկցությունները սկսելուց:

՛՛Արցախի ներկայացուցիչը անպայման պետք է մասնակցեր՛՛,-ասաց նա:

Սարգսյանը հավելեց. ՛՛Այդ դրվագը բոլոր փաստաթղթերում եղել է, այդ թվում՝ նաև այս մարդու կողմից աղետ համարվող փաստաթղթում: Այդ փաստաթղթերը, իհարկե, ես հիմա դժվարանում եմ հրապարակել, ես երբեք չեմ էլ խոստացել հրապարակել: Այո, որոշակի ոչ հրապարակային խոսակցություններում ես ասել եմ, որ խոսում եմ, բանակցում եմ համանախագահների հետ թույլատվություն ստանալու ինչ-որ չափով հրապարակելու՛՛:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակվել է այդ փաստաթուղթը՝ ՀՀ երրորդ նախագահնա ասաց. ՛՛Ոչ, ինքը հրապարակել է մեկ այլ փաստաթուղթ, և ինքը ոչ թե Կապանում է հրապարակել, այլ իրենք արտահոսք են տվել, կայքերից մեկում դա տպվել է, ու Կապանում նա դա ընթերցել է: Այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ այդ առաջարկությունը, ներկայացվել է կողմերին ոչ թե 2016 թվականին, այլ 2018 թվականին, եթե չեմ սխալվում հունվարին, թե փետրվարին: Այսինքն՝ նույնիսկ եթե սա խոսում է ինչ-որ աղետի մասին, նույնիսկ, ապա նոր առաջարկություն է եղել՛՛:

Ըստ Սարգսյանի՝ խոսքը Կրակովում 2018 թվականին արտգործնախարարների հանդիպման մասին է:

՛՛Ինչի համար, իհարկե, իրենք կշտամբանք ստացան, որովհետև պետք էր պահպանել կոնֆիդենցիալությունը, դա բանակցող կողմերի պարտավորությունն է:

Եվ հենց այդ է պատճառը, երբ որ ինքն ասում է՝ դե եթե փաստաթղթեր կան թող հրապարակեն, ես չեմ ուզում, որպեսզի համանախագահները կարծիքը փոխեն մեր մասին, կշտամբեն մեզ, ասեն՝ ինչո՞ւ եք հրապարակել՛՛,-ասաց նա::

Խոսելով այն մասին, որ քանի որ հիմա բանակցողն ինքը չէ, գուցե հրապարակի որոշ բաներ, Սարգսյանն ասաց. ՛՛Բայց ես բանակցող չեմ, բայց ես եղել եմ բանակցող, չէ՞: Ես եղել եմ այդ մարդկանց համար գործընկեր. ընդ որում, վստահելի գործընկեր: Բայց արժե, արդյո՞ք, հիմա գնալ դրան և հրապարակել:

Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ ես դա կոռեկտ չեմ համարում հրապարակելը: Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ: Բայց քանի որ ինքն ունի դրա փորձը, ես կառաջարկեի, որ ինքը հրապարակեր՛՛:

Լրագրողի դիտարկմանը, թե՝ եթե կա դրա կարիքը, պետք է ցույց տալ՝ մանիպուլյացիաներն էլ կկանխվեին, Սարգսյանը նշեց.  ՛՛Նախ, մանիպուլյացիաները չեն կանխվելու: Այս մարդկանց գործելաոճն է մանիպուլյացիան: Չեն կանխվելու: Երկրորդ, իհարկե, շատ-շատերին հնարավորություն կտա ծանոթանալ և կարծիք կազմել, բայց Մինսկի խումբը չի վերացել` անկախ այն բանից՝ սա է բանակցում նրանց հետ, վաղը մեկ ուրիշն է բանակցելու: Դա մի այսպես երկրորդական կառույց չէ, մենք գործ ունենք, ուզում եմ հիշեցնել, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ: Եթե մենք ամբողջովին վստահությունը կորցնենք, ապա դրանից ի՞նչ ենք շահելու: Եթե մարդիկ կասկածում են, ուրեմն թող հետևեն համանախագահների հայտարարություններին: Սրանք քանի անգամ փորձեցին սխալ մեկնաբանել համանախագահողների առաջարկությունները: Անմիջապես արձագանքեցին: Մի քանի անգամ արձագանքեցին: Արդյո՞ք դա բավարար չէ, որպեսզի  կասկածող մարդիկ հասկանան՝ որն է ճշմարտությունը, իսկ որն է փորձը`արդարացնելու սեփական ձախողումները՛՛:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող բացառիկ հարցազրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե մեր բանակցային մեծագույն ձախողումներից մեկը եղել է 2016 թվականին համաձայնելը, որ նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է տրվում փաստացի մանդատ զբաղվելու այս հարցով կամ համապարփակ կարգավորումը պատվիրակվում է նրան:

Հարցին՝ արդյոք ինքը վստահեցնու՞մ է, որ ամբողջապես Հայաստանի շահերից է բխել այդ երեք զուգահեռ ֆորմատներից մեկը դիտարկել իբրև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև, Սարգսյանը պատասխանեց. ՛՛Ես ուզում եմ, որպեսզի հստակ լինի: Նախ, չէր կարող լինել փաստաթուղթ, որը ամբողջապես բխեր Հայաստանի շահերից: Հայաստանի շահերից կբխեր, որ այդ ամբողջ անվտանգության գոտու տարածքները, չգիտեմ՝ դեռ մի բան էլ ավելի, Հայաստանինը լինեին: Այսինքն՝ այդպես չի կարելի ձևակերպել: Ձևակերպումը հետևյալն է, որ եթե այդ առաջարկությունները կողմերն ընդունեին և լիներ ՄԱԿ-ի անվտնգության խորհրդի բանաձև, որին նախորդելու էին, ինչպես ասացի, մեր և Ադրբեջանի հռչակագիրն ու համանախագահների հայտարարությունները, ապա դա մեզ հնարավորություն էր տալու խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով` չանցնելով մեզ համար մշտական կարմիր գծերը՛՛:

Հարցին՝ թե այդտեղ առաջին քայլից մինչև վերջինը պետք է փաթեթային տարբերակո՞վ լուծվեր՝ Սարգսյանը նշեց. ՛՛Այո: Եվ ուզում եմ երկրորդ բանն էլ ասել: Ուզում եմ շատ հստակ ասել, թեև Կազանում չի ստորագրվել կամ չի ընդունվել այդ հռչակագիրը: Դա վերջին փաստաթուղթն էր, որ կոչվում էր աշխատանքային փաստաթուղթ, իսկ ես ասել եմ ու էլի կրկնեմ, որ աշխատանքային է կոչվում այն փաստաթուղթը, որը կողմերի համար ընդունվում է որպես քննարկման համար հիմք, տևական ժամանակ բանակցվում է և հետո կա՛մ ստորագրվում է, կա՛մ չի ստորագրվում և գնում է ԵԱՀԿ դեպոզիտարիա: Դա եղել է վերջինը: Սա մի հանգամանք:

Երկրորդ՝ Կազանյան բանակցություններից հետո, Կազանյան փաստաթղթերից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, որևէ առաջարկություն համանախագահների կողմից, որ այս թե այն կերպով հիմնականում պաշտպանված չլինեն հիմնական այն դրույթները, որոնք եղել են Կազանյան փաստաթղթում, որովհետև Կազանյան փաստաթուղթը ծնունդ է Մադրիդյան սկզբունքների: Իհարկե, որոշ հարցերում ճշտված, ուղղված և այլն: Չի եղել այդպիսի փաստաթուղթ: Այդ թվում այդ երեք փաստաթղթերի փաթեթը չի դարձել աշխատանքային փաստաթուղթ և չի գնացել ԵԱՀԿ դեպոզիտարիա, որովհետև Ադրբեջանը չի ընդունել դրանք: Թեև ես այդպես պաշտպանում եմ, մենք էլ համաձայնություն չենք տվել: Այսինքն՝ դեմ չենք եղել և համաձայնություն չենք տվել: Եվ, ընդհանրապես, Կազանից հետո մենք որևէ փաստաթղթի համաձայնություն չենք տվել և կարծիք էլ չենք հայտնել: Մենք ասել ենք հետևյալը՝ քանի որ ձեր կողմից հավանության արժանացած Կազանյան փաստաթուղթը մենք պատրաստ էինք ստորագրելու, ապա եթե ինչ-որ փոփոխություններ ունեք, խնդրում ենք, համաձայնեցրեք Ադրբեջանի հետ, և եթե ադրբեջանցիները համաձայնեն ձեր որոշակի փոփոխություններով այդ առաջարկություններն ընդունել որպես հիմք, մենք այն ժամանակ կպատասխանենք՛՛:

Դիտարկմանը, թե այդ համաձայնությունները չե՞ն կայացել՝ ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ, այո, սակայն ամեն անգամ Ադրբեջանը հրաժարվել է այդ առաջարկություններն ընդունել որպես հիմք:

 

  • Կիսվել: