ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սերժ Սարգսյանը թիմակիցներին իր շուրջ համախմբելու խնդիր ունի. Ալեն Սիմոնյան

Սերժ Սարգսյանը թիմակիցներին իր շուրջ համախմբելու խնդիր ունի. Ալեն Սիմոնյան

Սերժ Սարգսյանը չի որոշել՝ մասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ, բայց թիմակիցներին ոգևորելու և իր շուրջը համախմբելու խնդիր ունի։ Ես շատ ուրախ կլինեմ, թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե մյուսները մասնակցեն ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ 1 մլն դոլար դիզվառելիքի գործով մեղադրվող նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դատական նիստից առաջ հայտարարել էր, թե կարող է հեշտությամբ պաշտոն զիջել, կարող է հանուն Հայաստանի ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց երբեք չի լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը։

«Ինքը մեկ անգամ է պաշտոն թողել, այն էլ՝ ստիպված: Կարծում եմ՝ նման արտահայտություններ անելը ճիշտ չէ, քանի որ մարդիկ հիշում են իր զբաղեցրած պաշտոնները, ինքն իրեն տուն նվիրելը: Ինքը նույնիսկ տունը չէր կարող թողնել, ի՞նչ պաշտոնի մասին է խոսքը»,- ասաց Սիմոնյանը: Նա հավելեց, որ ուրախ կլինի, եթե նաև նախկին նախագահները մասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին:

Նա խոսեց նաև իշխող ուժի վարկանիշի մասին՝ ասելով, որ թեև այն նվազել է, բայց քարոզարշավի ընթացքում կփորձեն հետ բերել:

«Վստահ եմ՝ իշխող ուժը կրկին հաղթելու է ընտրություններին»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ վստահ է՝ քաղաքացիները գիտեն, թե ինչու իրենց պետք է ընտրեն: «Շատ մարդիկ հիասթափված են, շատերը ջղայնացած մեզ վրա, բայց բոլոր գործընթացները հասկանում են»,- նշեց նա:

  • Կիսվել: