Սերժ Սարգսյանը ներողություն չխնդրեց ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների համար, բայց հայտնեց իր խոնարհումը
Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել ոչ միայն ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինվորների համար, այլ նաև արցախյան առաջին պատերազմում բոլոր զոհվածների համար, այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է պատասխանատվություն ստանձնել և ներողություն խնդրել ապրիլյանի ժամանակ զինծառայողների մահվան համար։
Ինչ վերաբերում է ներողություն խնդրելուն, ապա Սարգսյանն ասաց, որ դա ճիշտ բառը չէ և հավելեց․
«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում, ես իմ խոնարհումն եմ հայտնում նրանց ընտանիքներին և կոչ եմ անում բոլորին շատ ուշադիր լինել այդ ընտանիքների նկատմամբ։ Ներողությունը այն բառը չէ, կներեք։ Մենք հաղթել ենք, այսօր ունենք ազատ, անկախ Արցախ, ունենք մարտունակ Զինված ուժեր և այդ ամենը նաև մեր զոհված տղաների գործի արդյունքն է։ Ես իմ խոնարհումն եմ բերում բոլոր ընտանիքներին ու առաջին հերթին նրանց ընտանիքների առջև»։


